Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Մայիսի 27-ին երկկողմ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ Հաքան Ֆիդանը Բաքվի դիրքորոշումը «իմաստուն» անվանելով նշել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի գործողություններին՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
«Իրավիճակը Հարավային Կովկասում՝ մեր ընդհանուր տարածաշրջանում, ազդում է երկու երկրների վրա։ Անկարան և Մոսկվան աջակցություն են հայտնում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ գործընթացին։ Մենք ողջունում ենք Ադրբեջանի կարևոր քայլերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ապահովմանը»,- ասել է Ֆիդանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը և Թուրքիան հետաքրքրված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով։
«Դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերով: Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Civilnet











