Գլխավոր Լրահոս

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ Նիկոլ Փաշինյան

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ Նիկոլ Փաշինյան

Մայիսի 28-ին Հանրապետության տոնի կապակցությամբ իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը մուտք է գործում նոր պատմական փուլ՝ խաղաղության, կայունության և պետականության ամրապնդման ուղով։

Վարչապետ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրից Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձում ընդգծեց, որ Հայաստանի նոր ռազմավարությունը հիմնված է պետական գիտակցության խորացման, դիվանագիտական հարթակում կայուն աշխատանքի և հարևանների հետ խաղաղ հարաբերությունների ձևավորման վրա։

Խաղաղության ուղին արդեն սկսված է

Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծն արդեն համաձայնեցված է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, և համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները ավարտված են։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում՝ համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնության հասնելու համար»։

Նա հավելեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվել է ակտիվ երկխոսություն, Իրանի հետ հարաբերությունները՝ աննախադեպ բարձր մակարդակի վրա, իսկ Վրաստանի հետ ձևավորվել է ռազմավարական գործընկերություն։

Առաջին Հանրապետության ժառանգությունը

Փաշինյանը խոսեց Առաջին Հանրապետության խորհուրդի մասին՝ որպես պետական ինքնության վերածնունդ. «Նրա գոյությունը տևեց ընդամենը երկու տարի մի քանի ամիս, բայց առաջին հանրապետությունը մեզ չորսուկես դար պետականազուրկ եղած ազգից կրկին վերածեց պետական ժողովրդի։ Այն թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության մեր ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ անկախ պետականությունը մեզ համար ոչ միայն երազանք է, այլև արդեն ձեռքբերում։

«Վերջին չորսուկես դարի մեր պատմությունը և պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում․ «Մի՛ կրկնեք այդ պատմությունը, մի՛ գնացեք իմ ճանապարհով, մի՛ կրկնեք ինձ»։ Սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության և պատմական Հայաստանի ուղերձից։ Սրանք են այն ուղերձները, որ պատմությունն ու պատմական Հայաստանը հղում են մեզ, և Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունը ըմբռնել և իրագործում է այս պատմական ուղերձը»,- ասաց Փաշինյանը։

ԽՍՀՄ քարոզչության հետևանքները

Ուղերձում կար նաև անդրադարձավ Խորհրդային Միության տարիներին արմատավորված մտածելակերպին. «Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարանքի առարկա դարձավ։ Թվում էր, թե 70-ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, բայց հիմա ակնհայտ է դառնում, որ ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն»,- կարծիք հայտնեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հենց այս քարոզչական ժառանգության հաղթահարումից է կախված Հայաստանի ապագան։

Անվտանգության նոր մոդել

Փաշինյանի կարծիքով՝ արտաքին ուժերի երաշխավորած անվտանգությունը խաբուսիկ է։ Ըստ նրա՝ մենք ենք մեր մեր անվտանգության երաշխավորը։

«Այդ անվտանգության գործուն միջոցներն են քաղաքական-դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, ոչ թե հեռավորների հետ միայն համագործակցելը»,- ընդգծեց վարչապետը՝ կարևորելով  բալանսավորված արտաքին քաղաքականությունը դարձել է իրականություն։

Փաշինյանը ամփոփեց, որ Հայաստանը հաղթահարել է կորուստների պատմության փուլը. «Հոռետեսությունն ու հուսահատությունը այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկից չեն։ Մեր ուղեկիցներն են պետական ինքնագիտակցությունը, գիտելիքահենք զարգացումը, ժողովրդավարությունը, խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասաց նա։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում