2013թ. հունվարին 12-ամսյա գնաճը սպառողական շուկայում կազմել է 2,6%, այդ թվում՝ պարենային ապրանքների գներն աճել են 1,9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 6%-ով, ծառայությունների սակագները՝ 2,2%-ը:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայություն (ԱՎԾ)՝ 2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2,9% գնաճ, ինչը պայմանավորվել է հիմնականում պարենային ապրանքների գների 4,9% աճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0,2%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0,8% հավելաճ:
Ամսական կտրվածքով հունվարին պարենային ապրանքների գների աճը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերին, պայմանավորված ամանորյա տոներով, տեղի է ունենում գների կարճաժամկետ թռիչքային աճ։ Գնաճի հունվարյան այս ցուցանիշը, ըստ էության, մեթոդաբանության խնդիր է։ Ըստ կիրառվող մեթոդաբանության՝ գների դիտարկումը կատարվել է 2012թ. դեկտեմբերի 28-ին, 2013թ. հունվարի 10-ին և 21-ին՝ Երևանում և 11 բնակավայրերում 470 անվանում ապրանք-ծառայությունների գծով։ Պարզ ասած՝ դեկտեմբերի վերջին տասնօրյակի գների աճը տեղափոխվել է հունվար։
Մեթոդաբանական այս մոտեցումը հնարավորություն է տալիս դեկտեմբերին արձանագրել 12-ամսյա ավելի փոքր գնաճ՝ դրա մի մասը տեղափոխելով հաջորդ տարվա հունվար։ Հունվարյան գնաճն էլ հնարավոր է լինում նվազեցնել ամռանը՝ գյուղատնտեսական սեզոնին արձանագրող գնանկման միջոցով։ Նման մեթոդաբանությունը, օրինակ, թույլ է տվել անցած տարվա դեկտեմբերին արձանագրել 12-ամսյա գնաճի 3,2% ցուցանիշ։
Որ անցած տարվա դեկտեմբերի գնաճը մասամբ «տեղափոխվել» է այս տարվա հունվար, նկատելի է առանձին ապրանքատեսակների գների վարքագծից։ Այսպես, 2013թ. հունվարին՝ 2012թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5,1% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերում գների 11,8-31,8% աճը։ Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում ամսական կտրվածքով արձանագրված 31,8% գնաճը պայմանավորված է լոլիկի( 37,4%), սմբուկի (59,2%), կանաչ սոխի (64,7%), խառը կանաչեղենի (1,8 անգամ) գների աճով։ 2013թ. հունվարին կարտոֆիլը թանկացել է 7,4%-ով։
Հունվարին մսամթերքի ապրանքախմբում դեկտեմբերի համեմատ գներն աճել են 1%-ով, ընդ որում խոզի միսը թանկացել է 0,7%-ով, տավարի միսը՝ 1,9%-ով, բաստուրման՝ 1%-ով։
Պարենային ապրանքների գների աճի ֆոնին, 2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0,2% գնանկում, ինչը պայմանավորված է եղել կոշկեղենի՝ 2,2%, այգեգործական ապրանքների՝ 1,7%, հագուստի և գործվածքի՝ 1,1% գնանկումով։
Civilnet











