Գլխավոր Լրահոս

«Երազող կանայք»՝ ընդդեմ Հնդկաստանի հայրիշխանական համակարգի. զրույց գրող Սալմայի հետ

«Երազող կանայք»՝ ընդդեմ Հնդկաստանի հայրիշխանական համակարգի. զրույց գրող Սալմայի հետ

«Փարվինն այնպես է վազում, ասես գլուխը հիմա կպոկվի: Տես­նելով իրեն հետապնդող ամմային, Հասանին և ուրիշների՝ նա ավելի է արագացնում վազքը: Բռնվելու սարսափը ստիպում է նրան վազել՝ ոչ մի բանի ուշադրություն չդարձնելով: Սրընթաց վա­զում է պատերի մոտով, բաց տարածքներով, վազում ու վազում է…»

Հնդիկ գրող Սալմայի «Երազող կանայք» վեպը հասանելի է հայերեն։ Վեպը հայրիշխանական համակարգում որևէ անկախության հասնել փորձող կանանց մասին է։ Չնայած խեղված ճակատագրերին ու անսահման զրկանքներին՝ ընդդիմանալը հերոսություն է, որին բոլորը չեն պատրաստ։ Ծանոթ բռնակալությունը երբեմն անծանոթ ազատությունից ապահով է։ Վեպի հեղինակը՝ գրող, ակտիվիստ, քաղաքական գործիչ Ռաջաթի Սամսուդինը, հայտնի է Սալմա գրական կեղծանվամբ։ Նա Հնդկաստանում հանդես է եկել ի աջակցություն #MeToo շարժմանը և բացահայտորեն աջակցում է Հնդկաստանի ԼԳԲՏ համայնքին։ Սալմայի՝ էրոտիկ բովանդակությամբ պոեզիան Հնդկաստանում խիստ քննադատության է արժանացել։ Օվսաննա Բաբայանի թարգմանությամբ «Երազող կանայք» վեպը լույս է ընծայել «Էջ» հրատարակչությունը։ ՍիվիլՆեթի Հասմիկ Հովհաննիսյանը վեպում արծարծված խնդիրների ու ստեղծագործությանն արձագանքների շուրջ զրուցել է գրող, ակտիվիստ Սալմայի հետ։ 

- Վեպը երկու հարց է բարձրացնում։ Առաջինը պարզ է. բոլորը գիտեն, որ թե՛ հայրիշխանական, թե՛ այդպիսին չհամարվող համակարգերում տղամարդիկ բարդացնում են կանանց կյանքը։ Երկրորդ խնդիրն այն է, որ սրա շարունակականությունը մասամբ երշախավորում են կանայք՝ իրենց կոմֆորմիզմով։ Ինչպե՞ս ձևավորել անհրաժեշտ համերաշխությունը։ 

- Այո, կանանց տառապանք պատճառում են տղամարդիկ, մեղքի հիմնական մասը նրանց վրա է, նրանք են իրականացնում բռնություն, նրանք են գործածում վերահսկողության տարբեր ձևեր։ Սա է խնդրի արմատը, բայց համաձայն չեմ, թե կանայք սա լուռ ընդունում են։ Հնդկաստանի պես ռեգրեսիվ հասարակության ներսում կանայք պարզապես չունեն դիմադրելու ուժ ու գործիքներ։ Վաղ տարիքից ներարկվում է այն միտքը, թե ենթարկվելը բնական է, անգամ՝ անհրաժեշտ։ Նրանք ուղղակի չգիտեն՝ ինչպես վիճարկել այս պնդումների ճշմարտացիությունը, ինչպես ընդդիմանալ համակարգին։ Ճիշտ է՝ կանայք պետք է համերաշխ լինեն միմյանց նկատմամբ, բայց իրականում չկան դրա համար անհրաժեշտ պայմաններ։ Չկա այն աջակցությունը, որ պետք է պատասխան հարված հասցնելու համար։ 

«Սաջին առաջին ան­գամ զգաց, որ ուրիշի քայլերն ու գործողությունները կարող են քար գցել իր կրթության վրա: Նրան թվաց, թե մարմինը ներսից ու դրսից կրակի մեջ է, ու ինքն էլ կարծես լողում է իր մարմնից անջատ»:

- Վեպը պատմում է սերնդային տրավմայի մասին, ու դրա անընդհատականության պատճառն այն է, որ կանայք չեն ուզում հայտնվել լուսանցքից այն կողմ։ Այսօր, ավելի քան երբևէ, մարդիկ հասանելիություն ունեն միմյանց ու համացանցի նկատմամբ։ Ֆեմինիզմի մասին բովանդակությունը ավելի հեշտ է հասնում մարդկանց։ Համաձա՞յն եք որ Z սերունդը պիտի շատ ավելի գիտակից, կրթված և պահանջատեր լինի։ Կարո՞ղ ենք բարձրացնել ակնկալիքների նշաձողը՝ նկատի ունենալով այն առավելությունները, որ ունի այդ սերունդը։

- Չի կարելի մոռանալ համատեքստը։ Բոլորը չեն տեղեկացված։ Կանանց իրականությունը քննարկելիս պետք է հիշենք սա։ Նրանց մեծ մասը ֆեմինիզմի մասին տեղեկանալու հնարավորություն երբևէ չի ունեցել։ Անգամ եթե եզրույթը ծանոթ է, չեն հասկանում, թե ինչ է, ինչ ձևի է, գույնի է, ինչպես է իրացվում։ Նրանք  չգիտեն, թե ինչպես անցնել այդ ճանապարհը։

Քաղաքային կյանքը ուրիշ է։ Այսօր երիտասարդ սերունդը՝ հատկապես քաղաքներում բնակվող, շատ ավելի մեծ հասանելիություն ունի համացանցին ու կրթվելու զանազան հնարավորություններին։  Բայց շատերին ավելի շատ հետաքրքրում է ժամանցային կամ նույնիսկ հետամնաց բովանդակությունը։ Ֆեմինիզմի հանդեպ իրական հետաքրքրությունը շատ քիչ է։ Հարց է մնում, թե ինչ խորությամբ է ընկալվում գենդերային հավասարության ու արդարության թեման։

«Նա ոգևորված ու երջանիկ էր, որ հիմա կարող է մտածել մի տղամարդու մասին, որին կարող էր սիրել»:

- Ինչո՞ւ երջանիկ ավարտ չտվեցիք պատմությանը՝ կյանք, որտեղ Սաջիդան բժիշկ է դառնում, փրկում է մորը ամոթի բռնակալությունից ու գնում ավելի լավ կյանքի հետևից։

- Իրականում ես նախընտրում եմ ոգեշնչող պատմություններ գրել։ Բայց երբ իմ հերոսների հետևում կանգնած մարդկանց կյանքերը այլ կերպ են դասավորվում, երբ նրանց չեն տրվում այդ հնարավորությունները, ես ստիպված եմ լինում գրել այն, ինչ կա։ Կարծում եմ՝ պետք է ազնիվ ներկայացնենք՝ ինչ կա։ Եթե հեռավոր գյուղում ինչ-որ մեկին հաջողվում է անցնել այս ճանապարհը, ստանալ լավ կրթություն, գտնել իմաստալից աշխատանք ու ապրել ուրիշ կյանք, ես չեմ տատանվի՝ նաև այս պատմության մասին կգրեմ։ Իսկ հիմա շարունակում եմ գրել կանանց մասին, որոնց ճանաչում եմ։ 

- Սալման Ռուշդին իր վեպերում ցույց է տալիս Հնդկաստանում ու Պակիստանում անգիտության վրա հիմնված դաժանությունը, բայց թրծված ընթերցողը կնկատի, որ Հնդկաստանն իր հոգուն ավելի հարազատ է, նա մինչև վերջ հույս է պահում Հնդկաստանի համար։ Ուզում եմ հարցնել՝ արդյոք գենդերային անհավասարության տեսանկյունից Պակիստանում ու Հնդկաստանում իրավիճակը նո՞ւյնն է։

- Այս ֆեոդալական տարածքներում կանանց ճակատագրերը շատ նման են իրար։ Կրոնն առանցքային դեր ունի։ Այսօր չկա այն համատեքստը, որի սահմաններում կարելի է խոսել հույսի մասին։ Թե՛ Պակիստանում, թե՛ Հնդկաստանում կանանց փորձառությունը կանխորոշում է համայնքը, որտեղ ապրում են։ Մենք պետք է զինվենք համբերությամբ ու բաց աչքերով նայենք, թե որքան մեծ խզվածք կա քաղաքային ու գյուղական կյանքի միջև երկու երկրներում։ Այս խզվածքը հեշտությամբ չես հաղթահարի։ 

«Երիտասարդ տարիներին Ամինան բազմաթիվ անքուն գի­շերներ էր անցկացրել, երբ ցանկություն էր առաջանում դիպչել սեփական մարմնին: Նման պահերին նա սարսափում էր, որ ինչ-որ մեկն իրեն կարող է տեսնել այդ անելիս: Երբ լողանում էր դռան փոխարեն ջութե տոպրակներով առանձնացված լողարանում, իր կրծքերին էր դիպչում օճառ քսելու պատրվակով»:

- Ի՞նչ արձագանք է ստացել գիրքը Հնդկաստանում։ Ձեզ քննադատեցի՞՛ն  երկիրը միայն մուգ գույներով ներկայացնելու համար։

- Գիրքը լայն արձագանք ստացավ։ Հավատացած եմ, որ համայնքային խնդիրներից խոսելիս, հատկապես երբ արծարծում ենք թեմաներ, որոնց մասին նախկինում գրեթե չենք խոսել, ինքնըստինքյան ուշադրություն է ստեղծվում։ Քանի որ ես իսլամական փորձառության մասին եմ գրում, քննադատության մասը հենց այստեղից է գալիս։ Ինձ մեղադրում էին միայն վատ բաների մասին գրելու մեջ, անգամ սպառնալիքներ են հնչել։ 

«Թեև Ռահիմի հետ կապված հիշողությունները տհաճ էին, բայց մերթընդմերթ մտածում էր՝ արդյոք երբևէ օրգազմի հասե՞լ է նրա հետ եղած ժամանակ: Իրենց ամուսնությունից հետո մի քանի օր նրանք միայն գրկախառնվում ու համբուրվում էին: Սեքսին կարե­լի էր մի փոքր էլ սպասել»:

- Իսկ ի՞նչ արձագանք է ստանում Ձեր էրոտիկ պոեզիան։ Սա սպառնալի՞ք է Ձեր անվտանգության համար։ Վատագույն դեպքում ի՞նչ կարող է պատահել գրողին նման զգայուն թեմաներ շոշափելու համար։ Որո՞նք են ամենատաբուացված թեմաները հնդկական գրականության մեջ։

- Իմ բանաստեղծությունները հաճախ անվանում են խնդրահարույց։ Խնդիրը ծագեց, երբ սկսեցի կանանց մարմնի մասին գրել՝ սեռական օրգանների։ Հաջորդած քննադատությունը արդեն զուտ գրականագիտական չէր. իմ անձի քննադատությունն էր։ Ինձ վրա ուղիղ հարձակումներ են եղել և սպառնալիքներ՝ միտված ինձ լռեցնելուն։ Այս երկրում երկու թեմա կա, որոնց մասին կանայք չպիտի գրեն՝ սեռականության թեման, հատկապես երբ կանայք իրենց փորձի մասին են գրում, և կրոնական։ Սրանք սակրալացված թեմաներ են։ 

Գաուրի Լանկեշին սպանեցին Հինդուտվան քննադատելու համար։ Միասեռական սիրո կամ ցանկության մասին ֆիլմերը լուրջ գրաքննության են բախվում։ Այստեղ գործում է անձնական կյանք ներխուժելու արատավոր մշակույթը։ Բանաստեղծությունները ընդունվում են որպես ինքնախոստովանություն, գեղարվեստական գործը նույնացվում է գրողի սեռական փորձառության հետ։ Սա նվաստացուցիչ է։ 

«Այս գյուղում բոլորը գիտեն, որ դու կույս ես։ Բայց հասկացիր, էլ ո՞վ կհամա­ձայնվի դառնալ քո երկրորդ ամուսինը»:

- Արդյոք գենդերային խնտրականության հարցը տարբերվո՞ւմ է կաստայից կաստա։

- Կաստաների հարցը միանշանակ որոշիչ է, երբ հարցը գալիս է գենդերային խտրականությանը։ Դա արմատավորված է այս երկրի յուրաքանչյուր անկյունում։ Մի ամբողջ հետազոտություն կարելի է անել այն մասին, թե ինչ դեր ունեն կաստաները գենդերային փորձառության մեջ։ Կանանց ճնշման, նվաստացման ու շահագործման մեջ կաստաները առանցքային են։

- Կարո՞ղ ենք գիրքն անվանել ֆեմինիստական վեպ։

- Ես իմ վեպը ֆեմինիստական չեմ անվանել։ Ես վավերագրել եմ կանանց կյանքն ու նրանց պատմածը՝ այն ինչ կա։ Չէի ուզի պիտակներ օգտագործել, պարզապես ցույց եմ տվել՝ ինչ կա։ 

«Հասանը Հանիֆա հազրաթի կնոջ միջոցով լուր էր ուղարկել. այսուհետ Սաջիդայի մասին միայն ես եմ հոգ տանելու, մայրն այս պահից սկսած իրավունքներ չունի։ Եթե այդ Հաբին գնա հանրակացարան՝ աղջկաս հետևից, ես նրա ոտքերը կկոտրեմ։ Ես եմ հայրը, ուրեմն նա չպետք է աղջկաս հետ գործ ու­նենա»։

- Ինչպե՞ս է Ձեր նկարագրած համակարգն ազդում տղամարդկանց վրա։ Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ սեռով հիմնավորված բռնակալությունը գոնե մասամբ վնասում է նաև տղամարդկանց։ Ինչպե՞ս են սրան առերեսվում Ձեր վեպի և ընդհանրապես Հնդկաստանի տղամարդիկ։

- Այո, հայրիշխանական համակարգում գործող մտայնությունը, թե կանայք ստորադաս են տղամարդկանց, վնասում է նաև տղամարդկանց։ Մշտապես ենթարկեցնելու պարտավորությունը ևս բարդ բեռ է։ Անընդհատ ստիպված ես ապացուցել քո վերադասությունը։ Սա խափանում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց անդորրը։ Այնուամենայնիվ, սա համընդհանուր խնդիր է։ Կանայք ամենուր շարունակում են նախախնամությունների ու ճնշումների զոհ դառնալ։ Անգամ Ամերիկայում կին նախագահ չի կարող լինել և նույնիսկ Ամերիկայում կարող է նախագահ ընտրվել Դոնալդ Թրամփը։ 

Զրուցեց Հասմիկ Հովհաննիսյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում