Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 29-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Այս մասին հայտնում են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտգործնախարարն ու ԱՄՆ պաշտոնյան քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։ Մտքեր են փոխանակվել գործընկերության կանոնադրությամբ արձանագրված, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության զարգացման շուրջ՝ միտված կոնկրետ արդյունքների ապահովմանն ու ՀՀ դիմակայունության ամրապնդմանը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին:
Արտգործնախարարը և պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ առկա է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական հնարավորություն, և այդ ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կդառնա պատմական հանգրվան։
ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին ընդունել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:
Civilnet










