Գլխավոր Լրահոս

Ռիելթորները կհարկվեն և կորակավորվեն. ոլորտի կարգավորումը խստացվում է

Ռիելթորները կհարկվեն և կորակավորվեն. ոլորտի կարգավորումը խստացվում է

Լիա Ավագյան

Հայաստանի կառավարությունը մայիսի 29-ի նիստում հավանություն տվեց «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որ ներկայացրել էր Կադաստրի կոմիտեն: Նոր կարգավորումները սահմանում են խիստ պահանջներ ոլորտի նկատմամբ և նպատակ ունեն ստվերային գործունեություն իրականացնող միջնորդներին բերել հարկային դաշտ:

Ըստ կառավարության որոշման հիմնավորման՝ ներկայումս ռիելթորական ոլորտը Հայաստանի Հանրապետությունում գործում է առանց որևէ օրենսդրական կարգավորման: Անշարժ գույքի վաճառքով և վարձակալության միջնորդությամբ զբաղվող հազարավոր անհատներ և կազմակերպություններ աշխատում են ստվերում, խուսափում հարկերից և գործում առանց մասնագիտական չափորոշիչների:

Նոր օրենքի նախագիծը սահմանում է մի շարք պարտադիր պահանջներ, որոնք խստորեն վերահսկելու են ոլորտը: Բոլոր ռիելթորները և ռիելթորական կազմակերպությունները պարտավոր են լինելու գրանցվել լիազոր մարմնի ռեեստրում: Անձը կարող է ռիելթորական գործունեություն ծավալել միայն մասնագիտական որակավորում անցնելուց հետո:

Օրենքի կիրառումը խստորեն վերահսկելու համար սահմանվում են զգալի տուգանքներ: Առանց լիազոր մարմնում հաշվառման ռիելթորական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև առանց պայմանագրի կնքման գործունեություն իրականացնելու համար կսահմանվեն պատասխանատվության միջոցներ:

Կառավարությունը ներդնելու է նաև Միասնական տեղեկատվական համակարգ, որը պարտադիր է լինելու բոլոր ռիելթորների համար: Համակարգի միջոցով հնարավոր կլինի վերահսկել անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքները, ինչը, ըստ հիմնավորման, գործնականում անհնարին կդարձնի ստվերում աշխատելը: Համակարգից օգտվելու համար ռիելթորները պարտավոր են լինելու վճարել տարեկան 450,000 դրամ պետական տուրք:

Ռիելթորական ծառայություններ մատուցող սուբյեկտները պարտավոր են լինելու կնքել պայմանագրեր իրենց հաճախորդների հետ և այդ տեղեկությունները մուտքագրել միասնական համակարգ: Գործարքների տվյալները չմուտքագրելու համար նույնպես սահմանվում են տուգանքներ:

Նախագծով ներդրվում է նաև անշարժ գույքի կառավարման ինստիտուտը: Անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման դիմաց վճարների, ինչպես նաև այդ ծառայությունների արդյունքում պատվիրատուին փոխանցման ենթակա եկամուտների մուտքագրման համար պարտադիր է լինելու հատուկ բանկային հաշվեհամարի բացումը, ինչը նույնպես նպատակ ունի ապահովել ֆինանսական թափանցիկություն:

Օրենքի հիմնավորման փաստաթղթում նշվում է, որ այս քայլերի արդյունքում ակնկալվում է ոլորտի ստվերային հատվածի տեղափոխումը հարկման դաշտ, ինչը կավելացնի պետական բյուջեի եկամուտները: Միաժամանակ, մասնագիտական չափորոշիչների սահմանումը կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը և կպաշտպանի գործարքի կողմերի իրավունքները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում