Հասմիկ Հովհաննիսյան
«Փսիխոզի մեջ են։ Ամենափառահեղ երկրում վարչապետը սրա ժամանակը չպիտի ունենա». այսպես մեկնաբանեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ՀԱԵ սպասավորներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղած վիրավորական գրառումները։
Այսօր վաղ առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրահարույց ձևակերպումներով վիճարկում էր ՀԱԵ հոգևորականների հավատարմությունը կուսակրոնության սկզբունքներին։
Հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանը դատապարտեց վարչապետի և իրեն սատարող պատգամավորների ֆեյսբուքյան գրառումները՝ միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով ՀԱԵ գործունեության ֆինանսական թափանցիկությանը։ «Պետական գաղտնիք չէ, վերջիվերջո։ Պիտի իմանանք սպասավորների թիվը (բոլոր կրոնական փոքրամասնություններինը ևս)։
Նրանք ազդում են հանրային կարծիքի ձևավորման վրա ու քաղաքական հավակնություններ ունեն։ ՔՊ-ն մոռացավ հոխորտանքները, ցանկություն չունեցավ իրավական ու հարկային դաշտ բերել։ Իսկ թե եկեղեցու հոգևորականը քանի անգամ և ում հետ է քնում՝ պետական իշխանության գործը չէ՝ ո՛չ օրենքով, ո՛չ էլ էթիկական նկատառումներով»։
Քաղհասարակության ներկայացուցիչը ՀԱԵ-ն անվանեց «մեծ մութ աշխարհ», որը պետք է դառնա թափանցիկ։
«Նիկոլ Փաշինյանը միջազգային գործընկերներ ունի, դեսպաններ կան, միջազգային կազմակերպություններ կան, որոնց հանդիպում է ,ասում է՝ այս պրոբլեմը ունենք, այսքան օգնեք, դրամաշնորհ տվեք։ Ի՞նչ է պատկերացնում. իր հետ զրուցելիս ժպիտները ո՞նց են պահելու։ Մակրոնը ի՞նչ է մտածելու։ Այս խայտառակ վարքը շատ մեծ ներողության կարիք ունի», - ամփոփեց Բարսեղյանը։
ՍիվիլՆեթի հետ զրույցում թեմային անդրադարձավ նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։ Նա վստահ է՝ «տեղի է ունենում հասարակական բանավեճի մակարդակի այնպիսի նվազեցում, որ ընտրազանգվածին, օրինակ, ցույց ես տալիս, որ եթե այս խոսույթը էթիկայի տեսանկյունից ընդունելի է, ապա նշանակում է, որ մնացած ամեն ինչն էլ կարող է ընդունելի համարվել»։ Սաքունցի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև։
«Եթե դիտարկում ենք մարդու իրավունքների տեսանկյունից, ապա առաջին հերթին սա կոպտագույն, անթույլատրելի խախտում է պետության կողմից՝ և հանձինս ամենաբարձր պաշտոնատար անձի կողմից մարդու անձնական կյանքի անհամաչափ, ոչ իրավաչափ միջամտության տեսակետից։ Հրապարակվում է տվյալ, որը վերաբերում է մի շարք մարդկանց անձնական կյանքին, իսկ անձնական կյանքին միջամտության չափանիշները հստակ սահմանված են Կոնվենցիայի հոդվածով։ Թեև կարող է լինել միջամտություն՝ անվտանգության և այլ նկատառումներից ելնելով, տվյալ դեպքում որևէ հիմնավորում չկա։ Ավելին՝ նա չի կարող նման միջամտություն կատարել, որովհետև չունի նման իրավասություն։ Դա կարող է լինել միայն օրենքով։
Երկրորդ՝ մեզ համար հայտնի չէ, թե այդ խորը ատելությունը տվյալ մարդու նկատմամբ ինչով է պայմանավորված։ Բայց ինչով էլ պայմանավորված լինի, դա արդարացում չէ, որովհետև պետական ինստիտուտը նման տեղեկատվություն ունի։ Ես ենթադրում եմ, որ նման տեղեկատվությունը կարող է լինել ոչ իրավաչափ միջամտության արդյունքում՝ գուցե ԱԱԾ-ի կողմից։ Պետք է զբաղվեն համապատասխան կառույցները։ Բայց սրա հետևանքները բարոյական տեսանկյունից շատ ավելի ծանր են, և դրա պատասխանատվությունը կրելու է հենց ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչո՞ւ։ Պատկերացրեք, օրինակ, այդ կրոնավորի քեռին, քեռու կինը, այն շրջապատը, որտեղ այդ մարդիկ ապրում են։ Թիրախավորվում է՝ ընդ որում կնոջը, մի ամբողջ շարան իրավունքի խախտման հիմքով, որի հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, իսկ Հայաստանի վարչապետը՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, պատասխանատվություն ունի բոլոր քաղաքացիների հանդեպ։ Ավելին՝ նման միջամտությունը որևէ կերպ չի կարող բացատրություն ունենալ։ Դա կարող էր ասել ինչ-որ բլոգեր կամ այլ ոչ պաշտոնատար անձ, բայց ոչ՝ երկրի վարչապետը։
Այստեղ կա նաև մեկ այլ խնդիր՝ հանրային խոսույթը իջեցվում է լյումպենի մակարդակի։ Մենք գործ ունենք իրավունքի խախտման այնպիսի փաստի հետ, երբ բառապաշարը ևս իջեցվում է այն մակարդակին, որ հիշեցնում է հայտնի «Դոգ» երևույթը։ Տեղի է ունենում հասարակական բանավեճի մակարդակի այնպիսի նվազեցում, որ ընտրազանգվածին, օրինակ, ցույց ես տալիս, որ եթե այս խոսույթը էթիկայի տեսանկյունից ընդունելի է, ապա նշանակում է, որ մնացած ամեն ինչն էլ կարող է ընդունելի համարվել»։
Որոշ հասարակական կազմակերպություններ հրաժարվեցին մեկնաբանելուց։ Մի մասը սահմանափակվեց մեկ նախադասությմաբ՝ «անընդունելի է»։
Մայիսի 30-ի առավոտյան կառավարության ղեկավարը մեկը մյուսի հետևից գրառումներ է արել Ֆեյսբուքում՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականության դեմ։ Փաշինյանը զերծ չի մնացել վիրավորական բառապաշարից։
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան տասը հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին դադարեցնել «կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում»։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ, ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ «չի ստացել որևէ դիմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ»։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որևէ բողոք կոնկրետ անձից չի ստացվել: Բողոքի առկայության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանն իր մանդատի շրջանակներում կիրականացնի լիազորությունները», - ասված է պաշտպանի գրասենյակի պատասխանում։
Civilnet











