Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը

Այսօր՝ հունիսի 2-ին, Սյունիքի Գորիս քաղաքում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը։
Հյուպատոսությունը բացվել է Գորիսի քաղաքապետարանին կից շենքում։ Պատվո հյուպատոսն ազգությամբ հայ Կարմեն Ափունցն է:
Հյուպատոսության բացման արարողությանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին հայտարարել էր դեռևս 2023-ին՝՝ արտգործնախարարի մակարդակով։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Սյունիքում հյուպատոսություն բացելու շուրջ քննարկումները ֆրանսիական կողմի հետ սկսվել էին 2022-ի սեպտեմբերից հետո, երբ ադրեջանական զինուժը հարձակվեց Սյունիքի վրա:
«Այդ ժամանակահատվածից սկսած այդ խոսակցությունները, բանակցությունները ընթանում են, որ Ֆրանսիան ունենա հյուպատոսարան Գորիս քաղաքում, որը շատ կարևոր է և դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի վրա», - ասել էր պատգամավորը:
Ֆրանսիայի կողմից Գորիսի ընտրությունը կապված է քաղաքի վաղեմի մշակութային կապերի հետ ֆրանկոֆոն աշխարհի հետ։ Համարվելով Հայաստանի ամենաֆրանսախոս քաղաքներից մեկը՝ Գորիսում 2006-ից գործում է ֆրանսիական մշակութային կենտրոն։ Կենտրոնը ակտիվ դեր է խաղացել տարածաշրջանում ֆրանսիական լեզվի և մշակույթի տարածման գործում, այդ թվում՝ տեղի դպրոցականների համար ֆրանսերենի դասավանդմանը աջակցելու գործում։
Թեմա
Civilnet










