Թբիլիսիի քաղաքային դատարանը մայիսի 30-ին երկու ակտիվիստի վարչական կալանքի է դատապարտել՝ «Վրացական երազանք»-ի պատգամավոր Մարիամ Լաշխիի բողոքի հիման վրա, որը պնդել է, թե նրանք վիրավորանք են հասցրել իրեն: Միջադեպին մասնակցած մեկ այլ ակտիվիստ տուգանվել է։
Վարչական գործը վերաբերում է մայիսի 17-ին Թբիլիսիի կենտրոնի մի սրճարանում տեղի ունեցած բախմանը, որտեղ ակտիվիստներ Թաթիա Ապրիամաշվիլին, Լիկա Լորթքիպանիձեն և Մագդա Մամուկաշվիլին Լաշխիին ծաղրել էին «Ազատություն քաղբանտարկյալներին» և «Կորչիր Ռուսաստանի ստրուկների հետ» կարգախոսներով։
Ներքին գործերի նախարարությունը Ապրիամաշվիլիի և Լորթքիպանիձեի համար կալանքի, իսկ Մամուկաշվիլիի համար տուգանքի միջնորդություն էր ներկայացրել։
Ուրբաթ դատարանը որոշում է կայացրել Ապրիամիշվիլիին և Լորթքիպանիձեին 12-օրյա վարչական կալանքի, իսկ Մամուկաշվիլիին՝ 4000 լարիի (1500 դոլար) չափով տուգանքի ենթարկելու մասին։
Ակտիվիստներին մեղադրանք է առաջադրվել կառավարության դեմ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին՝ «Վրացական երազանքի» ընդունած բազմաթիվ օրենքներից մեկի համաձայն, որը պաշտոնյաներին վիրավորելը համարում էր վարչական իրավախախտում։ Հոդվածը նախատեսում է մինչև 4000 լարի տուգանք կամ մինչև 45 օր վարչական կալանք։
Գործով ձերբակալված երկու անձն էլ ուսանող են. 20-ամյա Ապրիամաշվիլին սովորում է Վրաստանի ազգային համալսարանում, իսկ 19-ամյա Լորթքիպանիձեն՝ Իլիայի պետական համալսարանում: Դատարանի որոշումից հետո Իլիայի պետական համալսարանում ուսանողները կարճ ժամանակով փակել էին Թբիլիսիի Վակե շրջանում գտնվող իրենց համալսարանի մոտ գտնվող ճանապարհը՝ ի նշան բողոքի: Ավելի ուշ նրանք երթ են կազմակերպել դեպի խորհրդարան՝ «Ազատություն ուսանողներին» գրությամբ պաստառով:
Կալանավայրից ուղարկված նամակում Լորթքիպանիձեն նշել է, որ ինքը և իր ակտիվիստ գործընկերները չեն վախենալու։ Ապրիամաշվիլին նաև նամակ է ուղարկել բանտից, որում շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին համերաշխության համար։
Մայիսի 17-ի միջադեպից հետո Լաշխին ասել է, որ կանանց կողմից իր հասցեին վանկարկվող ակցիային «պետք է համապատասխան արձագանք տրվի»՝ ընդգծելով, որ այդ պահին իրեն ուղեկցել են իր անչափահաս երեխաները։
Ի պատասխան՝ Ապրիամաշվիլին մեղադրել է Լաշխիին «երեխաներին մանիպուլացնելու» մեջ և հիշել մի քանի ակտիվիստների, այդ թվում՝ Մարիամ Բաջելիձեի դեմ ձեռնարկված գործողությունները, որի տունը ոստիկանությունը խուզարկել է անչափահաս երեխայի ներկայությամբ։
«Երբ ես հանդիպում եմ [«Վրացական երազանքի» ներկայացուցչի], մարդկանց, ովքեր մեր երիտասարդությանը դժբախտացրել են […], ծեծել են մեզ և կոտրել մեր դեմքի ոսկորները, մենք միշտ այդ մարդկանց կտեղեկացնենք, որ նրանք Ռուսաստանի ստրուկներ են»,- ասել է նա։
Սա նոր ընդունված օրենքի կիրառման հետ կապված միակ դեպքը չէ։ Ավելի վաղ՝ մայիսի 23-ին, Զուգդիդիի դատարանը տուգանել էր տեղացի երկու ակտիվիստների՝ Մարիամ Սիչինավային և Կերեն Էսեբուային՝ քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Իրակլի Զարկուային վիրավորելու համար։
Սիչինավան տուգանվել էր 4000 լարի (1500 դոլար), իսկ Էսեբուան՝ 3500 լարի (1300 դոլար)։
Civilnet











