Գլխավոր Լրահոս

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի և Թրամփի հետ Թուրքիայում

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի և Թրամփի հետ Թուրքիայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ։ Հունիսի 2-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պլանավորում է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպմանը կա՛մ Անկարայում, կա՛մ Ստամբուլում: Այս մասին հայտնում է Kyivindependent-ը։

«Ես զրույց ունեցա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Եվ իսկապես, նա ազդանշան ուղարկեց՝ հարցնելով, թե ինչպես կվերաբերվեմ չորս առաջնորդների հանդիպմանը՝ ինքը, Միացյալ Նահանգների նախագահը, Պուտինը և ես: Ես նրան ասացի, որ աջակցում եմ առաջնորդների մակարդակով հանդիպմանը, քանի որ ինձ թվում է, որ առանց մեր հանդիպման հրադադար չի լինի», - լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին։

Զելենսկու մեկնաբանությունները հաջորդել են հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների հերթական փուլին, որտեղ կողմերը համաձայնության են եկել ռազմագերիների փոխանակման շուրջ, բայց չեն կարողացել հրադադարի հասնել։

Այս բանակցություններին նախորդել էր մայիսի 16-ին կայացած բանակցությունների առաջին փուլը: Սկզբնական հանդիպումն ավարտվել է պատերազմի ընթացքում ամենամեծ թվով գերիների փոխանակման վերաբերյալ համաձայնագրով, սակայն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ որևէ շոշափելի առաջընթաց չի գրանցվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես բաց է իր թուրք գործընկերոջ առաջարկի համար՝ Թուրքիայում եռակողմ խաղաղության բանակցություններ վարելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ, հայտարարել է Սպիտակ տունը հունիսի 2-ին։

«Նախագահն ասել է, որ բաց է դրա համար, եթե գործը հասնի դրան, բայց նա ցանկանում է, որ երկու առաջնորդներն էլ միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը։

Հունիսի 2-ի բանակցություններից հետո Ռուսաստանն առաջարկել է ժամանակավոր երկու-երեքօրյա հրադադար առաջնագծի որոշակի հատվածներում՝ զոհված զինվորների մարմինները վերադարձնելու համար։ Այս մասին հունիսի 2-ին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Զելենսկին չի ընդունել Ռուսաստանի այս առաջարկը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում