Մենք 2020-ի պատերազմում կորցրել ենք կշեռքի մի նժարին դրված հայրենիքի մի մասը, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան է, ավելի անկախ է և ավելի ինքնուրույն է։ Այս մասին ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը հունիսի 2-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ ուզում, որ այս թեզը հնչի որպես գեղեցիկ նախադասություն, այլ ուզում եմ կոնկրետ օրինակով ասեմ։ 2025-ի մարտի 1-ն այն օրն է, որի դրությամբ Հայաստանի բոլոր կետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։
Այդ որոշումը ես եմ կայացրել 2024-ին։ Այդ որոշումը ես չէի կարող կայացնել 2018, 2019, 2020 թվականներին, երբ թվում էր, թե քաղաքականապես բոլոր առումներով շատ ավելի ուժեղ եմ, շատ ավելի պինդ եմ։ Մտածելը նույնիսկ շատ դժվար էր, որ կարող է այդպիսի բան տեղի ունենալ։ Իսկ 2024-ին ես կարող էի, և կայացրել եմ այդ որոշումը, մենք Ռուսաստանին շնորհակալություն ենք հայտնել և ասել ենք, որ մենք որպես պետություն հասունացել ենք, մենք մեր սահմանային կետերը կարող ենք ինքնուրույն վերահսկել»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը հիշեցրել է, որ դեռևս 2018-ից իր ամենակարևոր թեզերից մեկն այն է, որ Հայաստանի կարևորագույն առաքելությունն է՝ դուրս գալ պատմական ցիկլերից, երբ կայսրությունների փլուզման ժամանակ հայերն ունենում են պետականություն, իսկ կայսրությունների կայունացման շրջանում՝ կորցնում այն։
«Ես այսօր կարող եմ ասել, որ նախորդող շրջանի պատմությունը կորստի պատմություն չէ, նախորդող շրջանի մեր պատմությունը ձեռքբերման պատմություն է, որովհետև մենք ստացել ենք հարատև պետություն ունենալու շանս։ Հիմա մեզանից է կախված՝ մենք այդ պետությունը կստանանք, թե չենք ստանա։ Եթե մենք համաձայնվենք մեզ սահմանափակել և այդպիսով սահմանափակել նաև ուրիշներին, մենք կունենանք հարատև պետություն, որը կկարողանանք սերնդեսերունդ փոխանցել, եթե ոչ՝ մենք հիմա մեր պետականությունը կկորցնենք»,- ասել է Փաշինյանը։
Civilnet











