Գլխավոր Լրահոս

Բնապահպանական ի՞նչ «ոտնահետք» է թողնում Team Telecom Armenia-ն

Բնապահպանական ի՞նչ «ոտնահետք» է թողնում Team Telecom Armenia-ն

Հրապարակվում է որպես գովազդ

«Հաղթահարե՛լ պլաստիկ աղտոտումը». 2025-ին շրջակա միջավայրի պաշտպանության օրը՝ հունիսի 5-ը, նվիրված է պլաստիկի դեմ պայքարին: Հայաստանում բնապահպանական խնդիրների, դրանց լուծման մեջ մեծ ընկերությունների դերի մասին ՍիվիլՆեթը զրուցել է Team Telecom Armenia-ի բնապահպանության և սոցիալական հարցերով փորձագետ Արևիկ Մկրտչյանի հետ: 

- Ե՞րբ և ինչո՞ւ Team Telecom Armenia-ն որոշեց կենտրոնանալ բնապահպանական խնդիրների և նախաձեռնությունների վրա։

- Շրջակա միջավայրի պահպանությունը, նոր տեխնոլոգիաների միջոցով էներգաարդյունավետ լուծումների ներդրումը մեր ընկերության համար ռազմավարական նշանակություն ունի: Յուրաքանչյուր նոր ծրագիր նախաձեռնելիս մենք ուսումնասիրություն ենք իրականացնում շրջակա միջավայրի վրա դրա հնարավոր ազդեցության մասին, ընտրում լավագույն լուծումը: Դրա շնորհիվ ընկերությունը նվազեցնում է իր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Օրինակ՝ 2021-ից սկսած քառակի ավելացրել ենք վերականգնվող էներգիայի օգտագործումը, և այդ թիվը շարունակելու է նույն պրոգրեսիայով աճել: 2024-ի դրությամբ ընկերության ավտոպարկում էլեկտրական մեքենաների թիվը հասցրել ենք 22,8 տոկոսի, և այս թիվը շարունակելու է աճել՝ նվազեցնելով վառելիքից գեներացվող արտանետումները։ 

Վերջին  3 տարիների ընթացքում նաև վերամշակել ենք շուրջ 6300 կգ թուղթ և 5830 կգ ստվարաթուղթ, ինչպես նաև խուսափել զգալի քանակի թղթային թափոն գեներացնելուց Е-pen-ի ներդրման շնորհիվ։ Նույն կերպ E-sim գործարկելու շնորհիվ խուսափել ենք 1665 կգ պլաստիկ քարտերի թողարկելուց, այն է՝ պլաստիկ աղբ ստեղծելուց, կրկնօգտագործման ենք հանձնել  շուրջ 32 672 հատ էլ․ սարքավորում (Wi-Fi, routers) և այլն։ 

- 2024-ի վերջին Team Telecom Armenia-ն առաջինը Հայաստանում թողարկեց 75 մլն դոլարի՝ կայուն զարգացման պարտատոմսեր: Եթե պարզ լեզվով խոսենք, ի՞նչ է կայուն զարգացման պարտատոմսը, և ինչո՞ւ է սա կարևոր իրադարձություն։

- Յուրաքանչյուր ընկերություն ունի բնապահպանական «ոտնահետք» կամ, ավելի պարզ խոսքով, որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի վրա։ Բիզնեսի աճը որպես կանոն ուղղորդվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության ավելացմամբ։ Այլ հարց է, որ ոչ բոլոր բիզնեսներն են իրենց ազդեցությունը չափում կամ հաշվարկում իրենց գործունեության հնարավոր վտանգները:

Եթե նույն տրամաբանությամբ դիտարկենք մանրածախ որևէ խանութ, ապա նվազագույն ազդեցություններից մեկը թափոնների առաջացումն է: Ինչքան ավելացնում ենք շրջանառությունը, այնքան մեծանում է ճնշումը շրջակա միջավայրի և էկոհամակարգերի վրա։ Բիզնեսի կայուն աճը ենթադրում է բիզնեսի ընդլայնում և եկամտի աճ առանց ազդեցության կամ այդ ազդեցության աստիճանական նվազմամբ։  

Կայուն զարգացման պարտատոմսեր կարող են թողարկել միայն այն ընկերությունները, որոնք ունեն արդեն իսկ ներդրված բնապահպանական և սոցիալական կառավարման համակարգ, ինչպես նաև սահմանում են բնապահպանական հավակնոտ նպատակներ՝ էականորեն նվազեցնելու իրենց ազդեցությունը՝ միևնույն ժամանակ ապահովելով բիզնեսի ընդլայնում։  

Այսօր Team Telecom Armenia-ն միակ ընկերությունն է Հայաստանում, որ թողարկել է Կայուն զարգացման պարտատոմսեր, ավելին՝ տարածաշրջանի երկրների միակ ՏՀՏ (Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ) ոլորտի ընկերությունն է, որ հաջողությամբ թողարկել է այդ ծավալով պարտատոմսեր։  

Առհասարակ, ՏՀՏ-ն համարվում է խիստ էներգատար ոլորտ, և ըստ GSMA-ի հաշվարկների (բջջային ցանցի օպերատորների շահերը ներկայացնող ասոցիացիա) թվային տեխնոլոգիաների գործունեության արդյունքում ջերմոցային գազերի արտանետումների ծավալը, ընդհանուր առմամբ, կազմում է ամբողջ աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների 3.5 տոկոսը: 

Այս համատեքստում և առկա մարտահրավերները գիտակցելով՝ Կայուն զարգացման պարտատոմսերի թողարկմամբ  Team Telecom Armenia-ն սահմանել է լրացուցիչ բնապահպանական թիրախ, այն է մինչև 2029-ը նվազեցնել իր ջերմոցային գազերի արտանետումները 40 տոկոսով։ 

Ընդ որում եթե ընկերությունը սահմանված ժամկետում չհասնի իր բնապահպանական թիրախներին, ապա ստիպված կլինի ներդրողներին վճարել 0,25 տոկոսով ավելի գումար։

- Կմանրամասնե՞ք, թե ինչ գործողություններ են ձեռնարկվում, և ի՞նչ առաջընթաց կա։

- Նպատակին հասնելու համար ընկերությունը ձեռնարկում է մի շարք քայլեր, որոնցից կառանձնացնեմ մի քանիսը՝ 

  1. Շահագործումից հանել հին տեխնոլոգիաները՝ պղնձե մալուխները նոր սերնդի օպտիկամանրաթելային մալուխներով փոխարինելով
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաների և ցանցերի համար ներդնել բացառապես էներգարդյունավետ սարքավորումներ (EnergyStar rating), ինչպես նաև վերազինել  բազային կայանները նոր սերնդի էներգարդյունավետ սարքերով
  3. Անցում կատարել վերականգնվող էներգիայի օգտագործմանը՝ ապահովելով արևային էներգիայի արտադրություն ինչպես ընկերության ներսում, այնպես էլ  վերականգնվող էներգիայի ձեռքբերում ազատականացված շուկայից
  4. Կրճատել և էլեկտրիֆիկացնել տրանսպորտային միջոցների պարկը, ավելացնել էլեկտրական մեքենաների թիվը՝ բենզինի և դիզվառելիքի սպառումը նվազեցնելու համար: 
  5. Ապահովել էներգարդյունավետ լուսավորություն վարչական և սպասարկման բոլոր գրասենյակներում 
  6. Հնարավորինս նվազեցնել գեներացվող թափոնների քանակը՝ անցում կատարելով շրջանաձևությանը և հետևելով 3R սկզբունքին (Reduce, Reuse, Recycle) 

-Օգտագործվող էլեկտրաէներգիայի քանի՞ տոկոսն են այժմ ապահովում այլընտրանքային էներգետիկ աղբյուրները։ Գիտեմ, որ նախատեսում եք մինչև 2050-ը էներգիա ստանալ բացառապես վերականգնվող աղբյուրներից։ Սա իրատեսակա՞ն նպատակ է։

-2024-ի դրությամբ վերականգնվող էներգիայի  մասնաբաժինը կազմում է 4,1 տոկոս, ևս 30 տոկոսը ձեռք է բերվում այլընտրանքային էներգիայի մատակարարներից, իսկ միայն այս տարվա ընթացքում նախատեսվում է սեփական արտադրության արևային էներգիայի մասնաբաժինը կրկնապատկել։ Սա շարունակական գործընթաց է՝ մինչև ընկերության ամբողջական կարիքների 100 տոկոսով բավարարումը, այսինքն անցումը զրոյական արտանետումների (Net Zero)։  

-Ինչպե՞ս կարելի է հայաստանցիների համար բնապահպանական թեմաները բերել օրակարգ։ Օրինաչա՞փ է, որ մեր երկրում սա չի ընկալվում որպես առաջնային խնդիր, թե՞ այնուամենայնիվ կա իրազեկման խնդիր, և կարելի է փոխել իրավիճակը։ 

-Էկոլոգիան առհասարակ այնպիսի ոլորտ է, որին անդրադառնում են խնդրի ի հայտ գալու դեպքում՝ օրինակ՝ ջրի աղտոտման կամ անտառի վերացման պարագայում, այնինչ միայն այդ նույն խնդիրները կանխելու դեպքում կարող ենք խոսել էկոլոգիական հավասարակշռության ապահովման մասին։ Էկոլոգիական խնդիրները պետք է կանխել և շրջակա միջավայրի մասին մտածել արդեն հիմա՝ ապահովելով առողջ շրջակա միջավայր մեր սերունդների համար: 

Ինքներս փորձում ենք նման նախաձեռնություններում մասնակից դարձնել մեր բաժանորդներին, ու դրա օրինակներից մեկը 1 հա տարածքով անտառի հիմնումն էր Լոռու մարզում, որտեղ մեր թիմի աշխատակիցների մասնակցությամբ տնկվեցին 2 տարեկան կաղնիների տնկիներ, որոնք լիարժեք անտառ կդառնան միայն 20-25 տարի անց։ Կարևոր է ընդգծել, որ այս նախաձեռնությունը հնարավոր դարձավ մեր բաժանորդների շնորհիվ, քանի որ ապրիլ ամսվա ընթացքում յուրաքանչյուր գնված հեռախոսի դիմաց մենք պարտավորվեցինք տնկել տասը ծառ:

-Հայաստանում ապրող միջին վիճակագրական մարդու համար կարևո՞ր է օգտվել այն ընկերությունների ծառայություններից, որոնք փորձում են պահպանել շրջակա միջավայրը։ Ո՞րն է ձեր տպավորությունը։ Ի՞նչ միտում եք տեսնում։

-Ամբողջ աշխարհում այս կամ այն ծառայությունից օգտվողների կամ ապրանք ձեռքբերողների շրջանում նկատվում է օրեցօր աճող հետաքրքրության միտում, և նախապատվությունը տրվում է այն ընկերություններին, որոնք խնայողաբար են օգտագործում բնական ռեսուրսները։

Կայուն զարգացման սկզբունքները աստիճանաբար դառնում են կարևոր ուղեցույց ոչ միայն երկրների պետական քաղաքականության, այլև տարբեր բիզնես ոլորտների համար՝ տեքստիլ արդյունաբերությունից մինչև հանքարդյունաբերություն։

Կայուն զարգացումը պարզապես սոցիալական պատասխանատվության բաղադրիչ չէ այլևս, այլ ռազմավարական անհրաժեշտություն՝ համաշխարհային շուկայում մրցունակություն պահպանելու և գլոբալ խնդիրներին համակարգված արձագանքելու համար:

Մեր ժամանակներում ցանկացած ընկերություն, որն իր բիզնես շահը վեր է դասում ամեն ինչից, վաղ թե ուշ դատապարտված է, քանի որ հաշվի չի առնում իր իսկ հեղինակությանը ուղիղ սպառնացող վտանգները և դրան հետևող ֆինանսական կորուստները։

Բացի այդ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ավելի հաճախ են ընտրում այն ընկերությունները, որոնք չեն սահմանափակվում միայն շահույթ գեներացնելով, այլ հոգում են իրենց շրջապատող միջավայրի և համայնքների մասին։ 

Նման ընկերություններն ավելի դիմացկուն են շուկայական փոփոխություններին, ճիշտ են կառավարում իրենց ռիսկերը, ունեն ձևավորված վստահելի թիմ և կարողանում են նորարարական լուծումներ առաջարկել՝ պահպանելով իրենց մրցակցային դիրքը և նպաստելով հանրության ընդհանուր բարեկեցությանը։

-Որևէ ընկերության կամ կառույցի հետ համագործակցելիս հաշվի առնում եք նրանց՝ նույն էկոլոգիական արժեքները կրելը։ Համագործակցության համար սա կարևո՞ր պայման է։

-Քանի որ մենք աշխատում ենք բազմաթիվ տեղական և միջազգային գործընկերների հետ, շատ կարևոր է, որպեսզի մեր մատակարարման շղթայում նույնպես բացառվեն բնապահպանական և սոցիալական խնդիրները։ Այսպես օրինակ կապալառու ընկերությունից պահանջում ենք աշխատանքներն իրականացնելիս հետևել բնապահպանական նորմերին՝ ապահովել հողի, ջրի, օդի աղտոտման բացառումը, հետևել աշխատանքի անվտանգության նորմերին, հասցեավորել ստացվող բողոքները, բացառել կոռուպցիոն դրսևորումները և այլն։ Այսպիսով ընկերությունը կարողանում է ապահովել լայն ազդեցություն իր մատակարարների և գործընկերների շրջանակներում, և արդյունքում ստացվում է, որ մեր համակարգը ունենում է մասշտաբային էֆեկտ՝ ներառելով նաև գործընկերներին։  

-Ինչպե՞ս եք չափում կայուն զարգացման ջանքերի հաջողությունը։ 

-Գործող բնապահպանական և սոցիալական ազդեցությունների կառավարման համակարգն ունի տվյալների ստացման, հաշվետվությունների կազմման, վերլուծության, մոնիթորինգի և գնահատման պահանջներ։ Օրինակ՝ յուրաքանչյուր եռամսյակը մեկ ընկերությունը չափում է իր արտանետումները և համադրում դրանք թիրախների հետ, որից հետո ձեռնարկում անհրաժեշտ միջոցները հաջորդ հաշվետու ժամանակահատվածում ռիսկերը նվազեցնելու համար։ 

Բացի շրջակա միջավայրի տվյալներից, վերլուծվում են նաև սոցիալական ցուցանիշները, օրինակ՝ աշխատակիցների բավարարվածության հարցումների տվյալներ, աշխատանքի անվտանգության ցուցանիշներ, ՃՏՊ-ներ և այլն։ Սա հնարավորություն է տալիս խնդիրը վաղ փուլում տեսնելու և գործողությունները շտկելու՝ համագործակցելով ընկերության բոլոր բաժինների հետ։

-Հետևո՞ւմ եք միջազգային ստանդարտներին, օրինակ՝ բիզնեսի համար ստեղծված Global Reporting Initiative-ին կամ ISO 14001-ին (շրջակա միջավայրի կառավարման համար միջազգային ճանաչում ունեցող ստանդարտներ)։ 

Team Telecom Armenia-ն արդեն ունի 2 ISO սերտիֆիկատ՝ Որակի կառավարման համակարգի (ISO 9001  և Տեղեկատվական անվտանգության ապահովման  (ISO27001) արտոնագրերը: Այս տարի դիմել ենք նաև բնապահպանական կառավարման համակարգը արտոնագրելու համար (ISO 14001 ստանդարտ), որի աուդիտն անցնելուց հետո ընկերությունը կհավաստագրվի նաև այս ոլորտում՝ ապահովելով կայուն զարգացման և բնապահպանական պատասխանատվության նկատմամբ իր հանձնառությունը։ 

Զրուցեց Լուսինե Վարդանյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում