Ելիզավետա Չուխարովա, OC Media
Չեչնիայի անվտանգության ուժերը առևանգել են մոսկվայաբնակ հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին: Ավելի ուշ նա ազատ է արձակվել:
Առևանգման պատճառը չեչենների և մուսուլմանների մասին գործարարի քսենոֆոբիկ հայտարարություններն են: Ըստ տեղեկությունների՝ Շչեպիխինին առևանգել են երեքշաբթի երեկոյան Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտից՝ գցելով պետական համարանիշով Mercedes մակնիշի սև մեքենայի բեռնախցիկի մեջ:
Անցորդների նկարահանած կադրերում լսվում է, թե ինչպես է Շչեպիխինը գոռում. «Սա ոստիկանությունը չէ»։
Ըստ իրավապահ մարմինների հետ կապ ունեցող Telegram ալիքների՝ առևանգողները Չեչնիայից տղամարդիկ էին, որոնք կապ ունեն Սայդախմեդ Էլդարբիևի հետ: Ենթադրվում է, որ վերջինս Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի մտերիմ ազգականն է: Ավելի ուշ մեքենան կանգնել է Կիևի մայրուղում, բայց Շչեպիխինն այլևս ներսում չի եղել: Չնայած դեպքի վայր ոստիկանություն է կանչվել, խմբին թույլ են տվել հեռանալ առանց հետևանքների:
Հաջորդ առավոտյան Յարոսլավսկի կայարանի մոտ կրկին երևացել է նույն մեքենան: Առևանգմանը մասնակցելու մեջ կասկածվող վեց տղամարդու տարել են ոստիկանական բաժանմունք, բայց շուտով նրանք ազատ են արձակվել: Լրագրողների հարցերին պատասխանելիս նրանք գոռացել են «Ախմատ, իշխանություն»(խմբ.- Ռամզան Քադիրովի և նրա հայր, Չեչնիայի առաջին նախագահ Ախմատ Քադիրոֆի համակիրների կարգախոս) և հրաժարվել մեկնաբանությունից: Նրանք լքել են կայարանի տարածքը ոստիկանության ուղեկցությամբ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ առևանգողները ներկայացել են որպես Ռուսաստանի ազգային գվարդիայի (Ռոսգվարդիա) անդամներ՝ գործողությունը անվանելով «պաշտոնական միջամտություն»։ Սակայն Ազգային գվարդիան չի հաստատել այս պնդումը։
Ժամեր անց Չեչնիայի իշխանությունները հայտարարել են, որ Շչեպիխինը ոչ թե առևանգվել է, այլ նրան «կալանավորել» են Չեչնիայի անվտանգության աշխատակիցները:
Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ախմեդ Դուդաևը մեղադրել է Շչեպիխինին ծայրահեղականության, ատելություն հրահրելու, ազգայնականությունը վերականգնելու և երեխաների բռնաբարելու մտադրության մեջ։ Որպես կալանքի արդարացում՝ նա մեջբերել է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութեր, որոնցում Շչեպիխինը քսենոֆոբիական արտահայտություններ է անում չեչենների և մուսուլմանների հասցեին։
«Հանցագործ Արեգ Շչեպիխինը, որը բացահայտորեն և բազմիցս էթնիկ զտումների և նացիզմի կոչ էր անում, վիրավորում էր կրոնն ու Աստծուն, արտահայտում էր ծայրահեղական հայացքներ և խոսում անչափահաս երեխաների բռնաբարելու մտադրության մասին, չի առևանգվել. նրան ձերբակալել են Մոսկվայի համապատասխան մարմինների հետ աշխատող իրավապահ մարմինները», - գրել է Դուդաևը Telegram-ում։
Ավելի ուշ, իրավապահ մարմինների հետ կապեր ունեցող BAZA Telegram ալիքը հրապարակեց Շչեպիխինի՝ ազատության մեջ գտնվելու կադրեր։ Տեսանյութում Շչեպիխինը հաստատում է, որ իրեն «չեչեններն առևանգել են» և քաղաքից դուրս տարել։ Նա ասում է, որ իրեն չեն խոշտանգել, այլ ծեծի են ենթարկել. «Նրանք ատրճանակի բռնակով կոտրել են ականջներս», - ասել է նա։
Նրան հարցաքննել են Ֆիլատով Լուգ մետրոյի կայարանի մոտի սրճարանում, նկարահանել և ստիպել ներողություն խնդրել վիրավորական տեսանյութերի համար։ Հարցաքննել են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի ընդդիմության հետ կապեր ունենալու կասկածի պատճառով: Նա հարկադրաբար տեսանկարահանվել է, ներողություն է խնդրել և խոստովանել թմրանյութերի օգտագործումը։
Մեկ այլ Telegram ալիք՝ VChK-OGPU-ն, որը կապված է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ԱԴԾ) հետ, պնդում էր, որ Շչեպիխինը ազատ է արձակվել կեսգիշերի մոտ՝ «Կրեմլի կանաչ լույսից» հետո, քանի որ Չեչնիայի իրավապահների՝ սահմանն անցնելու պատճառով հանրային մեծ բողոք կար:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ գործի կապակցությամբ հետաքննություն է սկսվել, և վեց մարդ ձերբակալվել է։ Նախարարությունը նաև հայտարարել է, որ ուսումնասիրում է Շչեպիխինի հայտարարությունները՝ հնարավոր ծայրահեղական բովանդակության կասկածով
Դեպքն արժանացել է մարդու իրավունքների պաշտպանների սուր քննադատությանը:
Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների նախագահական խորհրդի անդամ Եվա Մերկաչևան նշել է, որ նույնիսկ օրինական կալանքի դեպքում, չեչենական իշխանությունները պարտավոր էին տեղեկացնել տեղական մարմիններին և հետևել ստանդարտ ընթացակարգին։
«Երբ մորուքավոր տղամարդիկ այդպես էին վարվում, ամբոխը հանգստացնելու համար ոչ ոք չասաց՝ «Ռոսգվարդիան աշխատանքի է»։ Դա նշանակում է, որ նրանց հեշտությամբ կարող էին հետադարձ ուժով լիազորագրեր տրվել, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ նրանք Ռոսգվարդիայից կամ Ներքին գործերի նախարարությունից են։ Այս ամենը պետք է հետաքննվի», - տելեգրամյան Ostorozhno Media ալիքին ասել է Մերկաչևան։
Մարդու իրավունքների խորհրդի մեկ այլ անդամ՝ Մարինա Ախմեդովան, Telegram-ում գրել է, որ «կարևոր չէ, թե ինչ է ձերբակալված բլոգերը կամ ում է վիրավորել»։
«Միակ կարևոր բանը, որ նրա «կալանքը» նման էր առևանգման, և դա իրոք այդպես էր։ Եթե նրա դեմ քրեական գործ կա, ապա նա պետք է կալանավորվի օրենքի համաձայն, ոչ թե բռնվի քաղաքացիական հագուստով տղամարդկանց կողմից և բեռնախցիկի մեջ գցվի։ Սա վնաս է դաշնային իշխանությունների հեղինակությանը՝ ոչ թե բլոգերի հայտարարությունների պատճառով, այլ նրան առևանգող և դա օրինական գործողություն ներկայացնող չեչեն իրավապահների պատճառով», - գրել է Ախմեդովան։
Արեգ Շչեպիխինը գործարար է, որն իրեն համարում է «տեսլական ունեցող՝ visionary»: Սոցցանցերում նա հրապարակում է չեչենների, դաղստանցիների և հրեաների դեմ ուղղված քսենոֆոբ բովանդակությամբ տեսանյութեր, ինչպես նաև լուսանկարներ ռուս պաշտոնյաների և քաղաքական գործիչների հետ։
Լրագրողների հետ զրույցում նրա մայրը ասել է, որ որդու հակամուսուլմանական դիրքորոշումը՝ մասնավորապես իսլամի նկատմամբ թշնամանքը, սրվել է 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։
Civilnet











