Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «ԼԵՅԱ» և «Ռոյալսիս Էնջիներինգ» ընկերությունների կողմից Հայաստանին նվիրաբերվող 30 մլն դրամ արժողությամբ ավիացիոն տեխնիկական գույքի ընդունման և այն Հայաստանի պաշտպանության նախարարությանը հանձնելու վերաբերյալ որոշման նախագծին:
Ըստ ներկայացված փաստաթղթի, գույքն օգտագործվելու է Հայաստանի զինված ուժերի կարիքների համար:
Կառավարության ընդունած որոշման հիմնավորման մեջ նշվում է․
« «ԼԵՅԱ» ընկերության տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել «ԼԵՅԱ» և «Ռոյալսիս Էնջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պատկանող՝ ընդհանուր 30,104,767 դրամ արժեքով, ավիացիոն տեխնիկական ունեցվածքը, ԶՈՒ կարիքների համար օգտագործելու նպատակով: ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված գույքի ընդունումը»:
Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսավորում և չի ազդում պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի վրա:
Այս նախաձեռնությունը համատեղվում է Հայաստանի կառավարության 2021-2026-ի ծրագրի պաշտպանության ոլորտի բարեփոխումների նպատակների հետ:
«Ռոյալսիս Էնջիներինգ» ՍՊԸ-ի սեփականատերը Դավիթ Գալստյանն է։
Դավիթ Գալստյանին 2021-ին մեղադրանք էր առաջադրվել պաշտպանության նախարարությանը 1983-86-ի արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն՝ 1977-ի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որն էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Նույն տարում Գալստյանը կալանավորվել էր, 2022-ին 50 մլն դրամ գրավի դիմաց ավատ էր արձակվել, մեկ տարի անց կրկին կալանավորվել էր։
ՍիվիլՆեթը նախկինում անդրադարձել էր Գալստյանի գործունեությանը՝ պարզելով, որ վերջինիս անունը շրջանառվում է ՄԱԿ Անվտանգության խոհրդի փորձագետների որոշ զեկույցներում։ Գալստյանի ընկերություններից մեկը Հայաստանում արտադրում է նաև «Կալաշնիկով» ինքնաձիգեր։
Դավիթ Գալստյանին են պատկանում մի շարք օֆշորային ընկերություններ, նաև՝ ՀՀ-ում գրանցված ընկերություններ, որոնք զբաղվում են զենքի առևտրով։
Գալստյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականներից էր։
Civilnet











