Գևորգ Թոսունյան
Հայաստանի կառավարությունը հունիսի 5-ի նիստում հաստատեց թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027-ի ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շեշտեց, որ առաջին անգամ հանրային առողջության և անվտանգության հարցերը հավասարակշռված են դիտարկվում՝ չհակադրելով մեկը մյուսին։
Նախարարի խոսքով՝ թմրամիջոցների օգտագործման դեպքերն աշխարհում վերջին տասնամյակում աճել են շուրջ 20 տոկոսով, ինչը չի շրջանցել Հայաստանը։ Նա նշեց, որ հանցանքների թիվը աճել է. եթե 2018-ին Հայաստանում գրանցվել էր 877 դեպք, 2023-ին այդ թիվը հասել էր 5,070-ի, ինչը, ըստ նախարարի, պայմանավորված է այդ հանցագործությունների դեմ պայքարն ավելի ինտենսիվացնելու հետ։
Ըստ նախարարի՝ 2023-ի վիճակագրությունը վերլուծելուց հետո հասկացել են, որ պետք է փոխել քաղաքականությունը։
«Ուստի որոշվել է ավելի շատ շեշտը դնել ներմուծման և արտադրության շղթայի բացահայտման վրա, որպեսզի հետագայում մանր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն։ Արդյունքում ունեցել ենք կոնկրետ առաջընթաց․ 2024-ին արձանագրել է 3,639 դեպք, որը բնականաբար նվազում է ենթադրում»,- ասաց Սարգսյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ շրջանառությունից զգալի թվով թմրամիջոց է դուրս բերվել․ «2023-ը, երբ համեմատում էինք 2024-ի հետ, արձանագրեցինք, որ նախորդ տարվա ընթացքում ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի և համագործակցության ինտենսիվացման արդյունքում ապօրինի շրջանառությունից դուրս ենք բերել շուրջ 426 կգ թմրամիջոց, որը շուրջ 200 կգ-ով ավելին է, քան 2023-ին։ Եթե համադրենք նաև 2025-ի առաջին մի քանի ամիսների տվյալները, ապա արդեն իսկ հասցրել ենք համատեղ ուժերով դուրս բերել 173 կգ թմրամիջոց ընդհանուր շրջանառությունից»,- հայտարարեց ՆԳ նախարարը։
Անդրադառնալով ռազմավարությանը՝ նա նշեց, որ այն ներառում է 13 ուղղություն, անցել է միջազգային փորձաքննություն և ընդգրկում է հասարակության բոլոր շերտերը, պետական կառավարման բոլոր օղակները՝ դպրոցներից մինչև զինված ուժեր։
«Առաջին անգամ թմրամիջոց օգտագործողները դիտարկվում են որպես աջակցման կարիք ունեցող անձինք, որոնց բուժման և վերականգնման հարցերը ռազմավարության առանցքում են»,- շեշտեց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բացահայտումների մեծ թիվը միանշանակ չէ և հավելյալ ուսումնասիրության կարիք ունի՝ հասկանալու համար արդյոք շրջանառությո՞ւնն է մեծացել, թե՞ իրավապահներն են ավելի արդյունավետ գործել։ Նա ընդգծեց, որ առաջնահերթությունը պետք է լինի ներմուծման և արտադրության կանխարգելումը, քանի որ վաճառողների մեկուսացումը չի լուծում խնդիրը՝ նրանց արագ փոխարինում են նորերը։
Լուսանկարը պատրաստվել է ԱԲ գործիքի միջոցով
Դիտեք նաև՝
Civilnet











