Կառավարությունը հունիսի 5-ի նիստին չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է Սևանա լճից 2025-ի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը։ Որոշման մեջ նշվում է, որ այս տարվա համար այն սահմանվել է մինչև 131.8 մլն խորանարդ մետր՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն խորանարդ մետր ծավալով ջրառը:
Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ 2025-ին ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 30 հազար հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման (Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճ) նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 446.1 մլն խորանարդ մետր:
Ըստ հիմնավորման՝ այս պահանջարկը պետք է ապահովվի մի քանի ուղղությամբ՝ Հրազդան գետից շուրջ 201.7 մլն խորանարդ մետր, Ազատի ջրամբարից՝ շուրջ 65.2 մլն խորանարդ մետր, Ապարանի ջրամբարից՝ շուրջ 20.4 մլն խորանարդ մետր ջրաքանակներով։
Այսպիսով, պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմում է շուրջ 127 մլն խորանարդ մետր, ուստի որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչև 131.8 մլն խորանարդ մետր ծավալով բացթողում:
Ի դեպ, շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ 2024-ի ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է 680.79 մլն խորանարդ մետր, որը կազմել է նորմայի 90 տոկոսը (2023 թվականին գետային ներհոսքը կազմել էր նորմայի 66 տոկոսը)։
2024-ին Սևանա լճից բաց թողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131 մլն խորանարդ մետր, որը ավելի քան 97 մլն խորանարդ մետր պակաս էր 2023-ին լճից բացթողնված ջրի գումարային ծավալից՝ 228 մլն խորանարդ մետր:
Civilnet











