Ալկոհոլով բեռնված 52 մեքենա անցել է վրացական սահմանը․ Պապոյան

Հունիսի 5-ին վրացական կողմը Հայաստանից ալկոհոկոլ արտահանող 52 բեռնատարի թույլատրել է շարժվել Ռուսաստան․ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Տևական ժամանակ է՝ վրացական կողմը չի թույլատրում Հայաստանի՝ կոնյակ-գինի արտահանող մի շարք ընկերությունների արտադրանքը իր սահմանով հասցնել Ռուսաստան ու այլ երկրներ։ Մայիսի 13-ին ու 21-ին արտահանողները ակցիաներ էին իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց, դիմել էին Հայաստանի կառավարությանը։ Էկոնոմիկայի նախարարն էլ պարբերաբար հայտնում էր, որ զբաղվում է խնդրով։
Պապոյանի խոսքով՝ նախորդ երկու շաբաթվա ընթացքում ոչ մի մեքենա չէր ստանում դեպի Ռուսաստան շարժվելու թույլտվություն, ու, չնայած վրացական կողմի հետ պայմանավորվել էին, որ հունիսի 5-ին 33 մեքենա պետք է շարժվի, բայց այդ հնարավորությունը ստացավ 52-ը։
«72 մեքենա էլ հիմա Վրաստանում է և առաջիկա 5 օրվա ընթացքում նրանց հարցն էլ պետք է լուծվի։ Մեխանիզմները դեռևս քննարկման մեջ են, բայց ՀՀ կառավարության միջամտության արդյունքում մի իրավիճակ ունենք, որ այսօր արդեն բազմաթիվ արտահանողներ ապրանքը կարտահանեն ՌԴ»,- ասել է նախարարը։
Civilnet










