Սահմանադրության տեքստում որոշ դրույթներ արդեն մշակվել են, և այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկիզբ տեղի կունենա խորհրդի նիստ և դրանք կներկայացվեն խորհրդի անդամներին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մինչ այդ որևէ փակագիծ չեմ կարող բացել։ Դեռ կքննարկենք նիստ ուղիղ հեռարձակվելու է, թե ոչ։ Երկու դեպքում էլ հանրությունը տեղյակ կլինի, թե ինչ է քննարկվել և ինչ որոշումներ են ընդունվել այդ նիստում»,- ասել է նախարարը։
Գալյանը նաև հայտնեց, որ դեռևս որոշում չկա՝ արդյոք Սահմանադրության նախաբանում ամրագրված Հայաստանի Անկախության հռչակագրի հղումը կհանվի՞ նոր Սահմանադրությունից, թե ոչ։
Փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։
Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։
Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։
Civilnet











