Ադրբեջանը Պակիստանից պատվիրել է 40 միավոր JF-17 կործանիչ՝ կնքելով Պակիստանի պատմության խոշորագույն պաշտպանական գործարքը, հայտնում է Forbes-ը։
Այս գործարքը Պակիստանի պաշտպանական արդյունաբերության պատմության մեջ ամենամեծն է։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 4,6 մլրդ դոլար և ներառում է նաև 2 մլրդ դոլար ներդրումային փաթեթ։ Գործարքը պաշտոնապես հաստատվել է Պակիստանի կառավարության կողմից։
Այս կործանիչը Պակիստանը մշակել է Չինաստանի հետ համատեղ։
JF-17 Block III-ն առաջին թռիչքը կատարել է 2019-ին։ Պաշտպանական ոլորտի վերլուծաբանները ենթադրում են, որ Ադրբեջանը կարող է կործանիչի սպառազինության մեջ ներառել նաև թուրքական արտադրության Gökdoğan և Bozdoğan հրթիռները, ինչը վկայում է Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ամրապնդվող պաշտպանական համագործակցության մասին։
Կործանիչները կհամալրվեն նաև ASELPOD նշանառության համակարգերով։ Այդ տեխնոլոգիան այժմ օգտագործում են միայն մի քանի երկրներ, այդ թվում՝ Պակիստանը և Նիգերիան։
Civilnet











