Մարկոս Անդրեոպուլոս
Ապրիլին Քաշմիրում Դիմադրության ճակատ ռազմական խմբավորման իրականացրած ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանը և Պակիստանը ներգրավվեցին իրենց ամենալուրջ ռազմական բախումների մեջ 1999-ի Կարգիլյան պատերազմից ի վեր: Այն ժամանակ Պակիստանը նոր էր իրականացրել միջուկային զենքի իր առաջին հաջող փորձարկումը` բարձրացնելով Հնդկաստանի հետ տասնամյակներ տևող թշնամանքի դրույքները մինչև գոյաբանական մակարդակ: Այժմ, թեև միջուկային մտահոգությունները մնում են, հակամարտությունը կրկին սրվել է՝ առաջին անգամ ներգրավելով դրոններ: Թեև մեծ ուշադրություն է դարձվում Պակիստանի կողմից օգտագործվող չինական սպառազինությանը, նվազ ուշադրություն է արժանացել երկրի դրոնների նավատորմը, որը գերազանցապես բաղկացած է թուրքական ԱԹՍ-ներից, այդ թվում Bayraktar TB2-ից: Սա վկայում է Անկարայի և Իսլամաբադի միջև աճող ռազմական գործընկերության մասին, որը վտանգում է տարածաշրջանային թեժ կետերի կայունությունը ամբողջ աշխարհում՝ Հարավային Ասիայից մինչև Կովկաս:
2016-ի ապրիլին իր առաջին խոցումը գրանցելուց հետո, Bayraktar TB2 դրոնը հռչակ է ձեռք բերել աշխարհաքաղաքական մի շարք հակամարտություններում: Մոդելը նշանակալի դեր խաղաց 2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, որտեղ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, հարձակում ձեռնարկեց Լեռնայինն Ղարաբաղի դեմ: Բաքուն նշանակալի ռազմական հաղթանակ տարավ Երևանի դեմ այդ աշնանը՝ համաձայնվելով զինադադարի, որը միայն հետաձգեց մեկ այլ ադրբեջանական ներխուժում Լեռնային Ղարաբաղ մինչև 2023-ի սեպտեմբեր: Այս հաղթանակին մեծապես նպաստեց թուրքական TB2 դրոնների օգտագործումը, որոնք կարողացան հաղթահարել հայկական տանկերը, հրետանին և հրթիռային պաշտպանական համակարգերը, ինչպես նաև անխնա թիրախավորել խրամատներում գտնվող հայ զինվորներին: Դրոնների կիրառմամբ այս մարտավարությունը հետագայում որդեգրեց ուկրաինական բանակը Ռուսաստանի ներխուժումից հետո, ինչը Անկարային տվեց նույնիսկ ավելի մեծ դիվանագիտական կարևորություն և թույլ տվեց աջակցել ռազմական գործողություններին ընդդեմ մեկ այլ տարածաշրջանային հակառակորդի:
Bayraktar TB2-ը թուրքական դրոնի միակ մոդելը չէ, որը Պակիստանը ներառել է իր զինանոցում: Պակիստանի անօդաչուների հարձակումը Հնդկաստանի դեմ, որը սկսվեց մայիսի 8-ից 9-ի գիշերը, ներառում էր գրեթե 400 թուրքական արտադրության SONGAR դրոն: Bayraktar-ի նման, SONGAR-ը նախատեսված է զինված գործողությունների համար և չի սահմանափակվում միայն հետախուզական դերերով: Սակայն այս մոդելների տեխնիկական մանրամասները նվազ նշանակալի են, քան Թուրքիա-Պակիստան առանցքի ընդհանուր ի հայտ գալը: Ավելի խոր ռազմական համագործակցության և հատկապես թուրքական արտադրության դրոնների օգտագործման միջոցով Իսլամաբադը կարողանում է իրականացնել ցածր ռիսկայնության, ցածր կորուստներով ռազմավարություն՝ ճնշում գործադրելու Նյու Դելիի վրա՝ միաժամանակ մնալով միջուկային էսկալացիայի ընկալվող շեմից ներքև: Պակիստանի որոշումը՝ պատասխանել դրոնների օգտագործմամբ, հիմնականում ընկալվում է որպես սահմանափակ պատասխան Հնդկաստանի Sindoor գործողությանը:
Այս տեսանկյունից, Ադրբեջանի 2020-ի հաղթանակը Հայաստանի նկատմամբ ակնհայտորեն ռազմավարական օրինակ է ծառայել Պակիստանի հարձակման համար Հնդկաստանի դեմ: Ճիշտ ինչպես Բաքուն օգտագործեց թուրքական դրոնները միակողմանիորեն լուծում պարտադրելու հարևանների հետ երկարատև տարածքային վեճին, այնպես էլ Իսլամաբադը հույս ուներ նմանատիպ արդյունքի հասնել Հնդկաստանի հետ նույն միջոցներով: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ թուրքական դրոններն այնքան կարևոր դեր խաղաղցին Ադրբեջանի հաղթանակի համար, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ գովաբանեց այդ տեխնոլոգիան՝ հույս հայտնելով, որ իր սեփական բանակը կարող է նմանակել երկարամյա դաշնակիցների դրոնների արտադրական կարողությունները: Զինված լազերային ուղղորդվող խելացի զինամթերքով՝ Bayraktar դրոնները կարողացան շրջանցել Հայաստանի՝ ռուսական օդային պաշտպանական համակարգերը և մեծ կորուստներ պատճառել երկրի պաշտպանական սարքավորումներին և ցամաքային ուժերին: Ադրբեջանական բանակը նաև որդեգրեց ցանցային մարտավարություն՝ միաժամանակ տասնյակ դրոններ ուղղելով հայկական պաշտպանությունը հաղթահարելու համար:
Մի քանի տարի անց Պակիստանը փոխառում է նույն գրքից: Օգտագործելով ավելի քան հազար դրոններից բաղկացած պաշար՝ պակիստանյան բանակը ակնհայտորեն այս նոր տեխնոլոգիան համարում է իր զինված ուժերի էական տարր՝ ներառելով թուրքական, չինական և տեղական հարթակները: Օգտագործելով թուրքական արտադրության դրոններ, հրթիռային հարվածների հետ միասին, Պակիստանը փորձեց թիրախավորել հնդկական մի քանի ռազմական շտաբներ երկու երկրների սահմանին: Սակայն պակիստանյան դրոնները, ըստ երևույթին, թիրախավորել են նաև խոշոր քաղաքներ, ինչպիսին է Ամրիցարը, ինչպես նաև սրբավայրեր, երբ դրոն ընկավ և վնասեց քաղաքացիական անձանց Հարմանդիր Սահիբի մոտ, որը սիկխերի սրբավայրն է: Պակիստանը պնդրում է, որ ընդհանուր առմամբ երկու օրվա ընթացքում գրեթե 400 դրոնային ալիք է արձակել: Թեև Պակիստանը չկարողացավ շարունակել անօդաչուների օգտագործմանը հաջորդող ցամաքային կամ օդային հարձակումները, Ադրբեջանի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես ցանցային հարձակումները դրոնների օգտագործմամբ կարող են նախորդել ավելի ավանդական ռազմական առաջխաղացումներին, երբ պաշտպանական համակարգերը հաղթահարվել և չեզոքացվել են: Այսպիսով, թեև դրոնները նախատեսված են լուրջ էսկալացիայից խուսափելու համար, այս հարձակումներից անմիջապես հետո չկար երաշխիք, որ հակամարտությունը շուտով կմարի:
Բարեբախտաբար, զինադադարը, որը բանակցվեց Պակիստանի դրոնային հարձակումից հետո օրերի ընթացքում, կանխեց միջուկային էսկալացիան:
Թեև Պակիստանը հայտարարում էր, որ ոչնչացրել է պաշտպանական համակարգեր, ռազմական բազաներ և հրետանային դիրքեր, Հնդկաստանը կտրականապես հերքում էր նման պնդումները՝ պատասխանելով, որ իր հրթիռները և օդային պաշտպանությունը արդյունավետ չեզոքացրել են պակիստանյան դրոնները նախքան նրանք կկարողանային վնաս հասցնել Հնդկաստանի կրիտիկական դիրքերին: Սա հաստատվել է արբանյակային պատկերներով, որոնք հիմնականում սահմանափակ վնասների մասին են վկայում: Ի վերջո, բացահայտվեց ոչ թե պակիստանյան հարվածներից Հնդկաստանի վնասները, այլ հակառակը՝ պակիստանյան բազաներին հասցված հնդկական հարվածները։
Պակիստանի գործընկերությունը Թուրքիայի հետ միայն խորանալու է գալիք տարիներին: Ավելի քան երկու տասնամյակ առաջ՝ 2003-ին, Պակիստանը և Թուրքիան ստեղծել են Բարձր մակարդակի ռազմական երկխոսության մեխանիզմ, և այդ ժամանակից ի վեր մեծ համագործակցություն ծավալել ռազմատեխնիկական ոլորտում: 2021-ին Պակիստանի Ազգային ճարտարագիտության և գիտության հանձնաժողովը համաձայնագիր ստորագրեց Turkish Aerospace Industries-ի հետ՝ Պակիստանում համատեղ արտադրելու Anka ռազմական դրոններ. նույն տարում աճեցին նաև կասկածները, որ Իսլամաբադը աջակցում էր Անկարայի միջուկային նկրտումներին: Երկու տարի անց՝ Արևմուտքի հետ լարված հարաբերությունների ֆոնին, Պակիստանը նայում էր դեպի Թուրքիա՝ որպես հակատանկային զենքերի համակարգերի այլընտրանքային աղբյուր:
Իրավիճակը նույնը մնաց նաև այս տարվա սկզբին՝ Պակիստան-Թուրքիա Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ փուլից հետո: Բանակցությունների ընթացքում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի համաձայնագրեր կնքեցին, այդ թվում՝ պաշտպանական արտադրության ոլորտում համագործակցության ամրապնդումը և երկկողմ առևտրի ավելացման խոստումը, որը հավանաբար կներառի ռազմական սարքավորումների վաճառք Թուրքիայից Պակիստանին: Թուրքիայի ռազմական աջակցությունը Պակիստանին ուժեղացավ Քաշմիրում ապրիլինի Փահալգամի ահաբեկչական հարձակումից հետո օրերի ընթացքում: Կանխատեսելով Հնդկաստանի ռազմական արձագանքը՝ Թուրքիան սկսեց Պակիստանին մատակարարել զենք և զինամթերք՝ վեց C-130 բեռնատար ինքնաթիռներով, որոնք ժամանեցին Իսլամաբադի ռազմական բազա ապրիլի 28-ին: Տեղական լրատվամիջոցները նաև հաղորդեցին, որ դրոնների երկու թուրք օպերատոր է սպանվել Հնդկաստանի Sindoor գործողության ընթացքում, ինչը ենթադրում է Անկարայի ավելի մեծ ներգրավվածություն, քան սկզբում ակնկալվում էր:
Հարավային Ասիայում այս վերջին սրացումից հետո օրերի և շաբաթների ընթացքում Թուրքիան հայտնվեց բոյկոտի արշավի թիրախում հնդկական հասարակության տարբեր հատվածներում, այդ թվում՝ ակադեմիական շրջանակներում, երբ մի քանի հնդկական համալսարաններ խզեցին կապերը իրենց թուրքական գործընկերների հետ: Առավել նշանակալի էր, որ մայիսի 15-ին Նյու Դելին չեղարկեց թուրքական ավիացիոն ընկերություն Celebi Aviation-ի անվտանգության թույլտվությունը, որը մինչ այժմ պատասխանատու էր Հնդկաստանի ամբողջ տարածքում օդանավակայաններին կենսական ծառայությունների մատուցման համար: Նույնիսկ մինչև մայիսյան հրթիռային և դրոնային փոխադարձ հարվածները՝ Հնդկաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերընթաց ուղու վրա չէին: Անկարայի և Իսլամաբադի միջև աճող կապերի ֆոնին՝ Նյու Դելին շոշափելի աջակցություն էր տրամադրում Հայաստանին՝ թուրքական աջակցությամբ ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու համար: Այժմ դրոնային պատերազմի հեռանկարը նոր զինված մրցավազք է խթանում: Որպես մարտական դրոնների աշխարհի առաջատար արտադրողներից մեկը՝ բոլոր հայացքներն ուղղված են Թուրքիային և այն բանին, թե ում հետ Էրդողանը կընտրի գործ ունենալ: Ինչպես Պակիստանի դեպքը ցույց տվեց մայիսի սկզբին, դրույքները չէին կարող ավելի բարձր լինել:
Մարկոս Անդրեոպուլոսը ավագ հետազոտող է կանադական Ասիա-խաղաղօվկիանոսյան հիմնադրամում։
Հոդվածի բնօրինակը՝ Turkey and Drone Warfare in the Pakistan-India Conflict
Civilnet











