Գարեգին Բ-ին գահընկեց անելու համար Փաշինյանը համակարգող խումբ է ստեղծում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ին վեհարանից հեռացնելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու նպատակով համակարգող խումբ ստեղծելու մասին հայտարարություն է արել։ Վարչապետն իր սոցիալական էջերում մրցույթ է հայտարարել, նշելով բոլոր այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն համակարգող խմբի անդամները։
«Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետևորդները, ովքեր․
ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;
բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը;
գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը;
դ) ամեն օր աղոթում են;
ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին»,- գրել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը պարտադիր պահանջն է ներկայացրել, ըստ որի կուսակրոն հոգևորականները չպետք է խախտած լինեն կուսակրոնության ուխտը։
«Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։
Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։
Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով»,- գրել է վարչապետը։
Մայիսի 29-ին կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով պատմամշակութային հուշարձանների վիճակի մասին նշել էր, որ մեր եկեղեցիները «չուլանացված» են («чулан»-ը ռուսերեն բառ է, որ նշանակում է պահասենյակ, հին, անպետք իրերի պահման վայր)։
Այդ բառերին հետևեց բարձրաստիճան մի շարք հոգևորականների արձագանքը, որն իր հերթին առիթ դարձավ վարչապետի և իշխող ուժի այլ ներկայացուցիչների կողմից եկեղեցականների դեմ արշավի։ Արշավն ուղեկցվեց վերջերս իշխող վերնախավի մոտ շատ կիրառելի դարձած վիրավորական բառերով, բարոյական և կրոնական բնույթի մեղադրանքներով։
Փաշինյանն այնուհետև սկսեց վարկաբեկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում և կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։
Civilnet










