Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնականը և Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին զայրույթ է առաջացրել Ադրբեջանում՝ համեմատելով Ուկրաինայի պատերազմը Լեռնային Ղարաբաղի՝ տասնամյակներ շարունակվող հակամարտության հետ։ Ռուսական պետական RT հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդինսկին զգուշացրել է համաշխարհային աղետի մասին, եթե Ուկրաինայի հետ մշտական խաղաղության համաձայնագիր չկնքվի։
«Եթե մենք չհամաձայնվենք իրական խաղաղության շուրջ և պարզապես ստորագրենք որևէ տեսակի զինադադար… ապա դա կլինի ինչպես այն վիճելի տարածաշրջանը՝ Ղարաբաղը, որը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ տարածաշրջանը [հարավարևելյան Ուկրաինան] կվերածվի հսկա Ղարաբաղի։ Ի վերջո, Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ միասին կփորձի այն հետ վերցնել, և դա կլինի մեր մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ։ Մենք չենք ուզում ունենալ պատրվակ՝ հսկա Ղարաբաղ, որը ոչ ոքի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվել», - ասել է Մեդինսկին։
Ռուսաստանի նախագահի հայտարարությունը սուր արձագանքի է արժանացել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից, որը մեղադրել է Մեդինսկուն «պատմական փաստերը խեղաթյուրելու և «Ղարաբաղի տարածաշրջանի» կարգավիճակը սխալ ներկայացնելու մեջ»։
«Վլադիմիր Մեդինսկու դիտողությունները, որոնք աղավաղում էին հայ-ադրբեջանական նախկին հակամարտության վերաբերյալ փաստերը և ներկայացնում էին ղարաբաղի տարածաշրջանը որպես վիճելի տարածք, ընդունվեցին ափսոսանքով և զարմանքով», - հայտարարել է Ադրվեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք:
Civilnet











