Սոչիի քահանայի իսլամատյաց հայտարարությունները՝ բուռն հակադարձումների պատճառ

Ելիզավետա Չուխարովա, OC Media
Չեչնիայի Ախմատի ստորաբաժանման հրամանատարը քննադատել է Սոչիում բնակվող քահանա Սխեմա-վարդապետ Գավրիլին՝ քարոզի ժամանակ նրա իսլամատյաց մեկնաբանությունների համար: Ավելի ուշ նա ներողություն է խնդրել քահանայից՝ «հարգելով նրա տարիքը»:
Վալաամի վանքի ներկայացուցիչ Գավրիլը Սոչիում հեռացվել է իր պաշտոնից հունիսի 5-ին՝ իսլամը բացասական լույսի ներքո ներկայացնող քարոզից մեկ օր անց:
Հեռացման մասին հայտարարել է վանքի մամուլի ծառայությունը՝ տելեգրամյան պաշտոնական ալիքով: Մամուլի ծառայությունը պաշտոնական պատճառ չի ներկայացրել, թե ինչու է Գավրիլը հեռացվել:
«Հավատքի ուժը» թեմայով իր քարոզում քահանան խոսել է Մոսկվայի Խաղաղության պողոտայի կենտրոնական մզկիթ հաճախող «առողջ, սթափ տղամարդկանց մասին, որոնք բոլորը զբաղվում են ըմբշամարտով և մարզասրահներ հաճախում»։ Քահանան նկարագրել է, թե ինչպես են նրանք այնքան լցրել մզկիթի շրջակայքը, որ «երթևեկություն չկար տասներկու գոտիանոց ճանապարհին»։ Ըստ քահանայի՝ այդ մարդիկ «կապված էին իրենց հավատքին, թեկուզև՝ մոլորյալ»։ Գավրիլը մզկիթ հաճախողներին անվանել է «բանակ» և ասել, որ «եթե մոլլան նրանց հրամայեր սպանել մոսկվացիներին, ներքին գործերի նախարարությունը նույնիսկ ժամանակ չէր ունենա արձագանքելու»։
Չեչենական «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար և Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ապտի Ալաուդինովը առաջիններից էր, որ դատապարտել է Գավրիլին։ Հունիսի 4-ին նա իր տելեգրամյան ալիքում քահանային անվանել է «հիմար» և «Նեռի ծառա»՝ նրա խոսքերը դատապարտելով որպես «սադրիչ ագիտացիա»։
«Մի թիկնոցավոր հիմար երկու միլիարդ մուսուլմանի ասում է, որ իրենց հավատքը սխալ է։ Ես ձեզ հարցնում եմ՝ ո՞վ եք դուք, որ նման բաներ եք ասում։ Ռուսաստանում կա 30 միլիոն բնիկ մուսուլման։ Դուք փորձում եք մեզ ասել, թե ո՞րն է ճիշտ հավատքը»,- գրել է Ալաուդինովը։
Նա հարց է բարձրացրել է, թե ինչու քահանայի դեմ քրեական գործ չի հարուցվել, և ինչու Գավրիլը հրապարակայնորեն ներողություն չի խնդրել։
«Մեզ իսկապե՞ս պետք է մեկը խախտի օրենքը, որպեսզի այս մարդիկ դադարեն նման հայտարարություններ անել: Ինչո՞ւ քրեական մեղադրանքներ չկան: Ինչո՞ւ հրապարակային ներողություն չկա»,- հարցադրում է արել նա։
Շաբաթ օրը Ալաուդինովը հրապարակել է հաջորդ տեսանյութը, որում ներողություն էր խնդրում Գավրիլից՝ ոչ թե իր քննադատության բովանդակության, այլ քահանայի տարիքի պատճառով։
«Հնարավոր է՝ որպես կովկասցի մարդ, չպետք է վիրավորեի նրան՝ նրա տարիքի պատճառով: Այո, ես ներողություն եմ խնդրում բացառապես նրա տարիքի նկատմամբ հարգանքից ելնելով»,- ասել է նա։
Այնուամենայնիվ, Ալաուդինովը վերահաստատել է իր դժգոհությունը Գավրիլի խոսքերից՝ ընդգծելով, որ իսլամը «սխալ» անվանելը պառակտիչ գործողություն էր լարվածության աճի պայմաններում։
Ռուս ուղղափառ ակտիվիստական Սորոկով շարժումը Գավրիլին աջակցող միջնորդագիր է ներկայացրել Քննչական կոմիտե և Պաշտպանության նախարարություն: Մոսկվայում նրա պաշտպանության համար երթ է անցկացվել։
«Հայր Գավրիլի խոսքերը լիովին համապատասխանում էին օրենքի, էթիկայի և բարոյականության սահմաններին»։ «Մենք գիտենք, թե ինչպիսի միգրանտներ են ժամանում այստեղ, և ինչպես է հանցագործության մակարդակը աճում նրանց հայրենի երկրներում Ռուսաստանից արտաքսվելուց հետո»,- ասված է խմբի կոչում։
Վարդապետ Գավրիլը ղեկավարել է Վալաամի վանքի ներկայացուցչությունը Սոչիում՝ ծառայելով որպես հոգևոր խորհրդատու և հայտնի լինելով որպես Ռուս ուղղափառ եկեղեցու ավանդապաշտ։
Ռուսաստանի քրեական օրենսդրության համաձայն, ատելություն հրահրող կամ կրոնական զգացմունքները վիրավորող հրապարակային արտահայտությունները հետապնդելի հանցագործություններ են։ Դատապարտվելու դեպքում անձինք կարող են ենթարկվել վարչական կամ քրեական պատիժների։
Թեմա
Civilnet










