Գլխավոր Լրահոս

Հայաստանում ընտանիքների 60%-ը երեխա չունի․ զեկույց

Հայաստանում ընտանիքների 60%-ը երեխա չունի․ զեկույց

Աշխարհում շարունակվող ծնելիության նվազման միտումը հանգեցնելու է բնակչության կառուցվածքի արմատական փոփոխության․ ծերացող հասարակություններ, աշխատուժի պակաս, և երիտասարդների կրճատվող տոկոս։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) 2025-ի «Աշխարհի բնակչությունը» զեկույցը, որը ներառում է «Ծնելիության իրական ճգնաժամը» ուսումնասիրությունը, արձանագրում է այս միտման խորացումը նաև Հայաստանում։

Հետազոտությունը կատարվել է աշխարհի 14 երկրում, որտեղ ապրում է աշխարհի բնակչության շուրջ 37 տոկոսը։ Արդյունքներից պարզ է դառնում, որ թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում մարդիկ միջինում ունեն ավելի քիչ երեխաներ, քան կցանկանային։ Հարցվածների մեծամասնությունը նշել է՝ կցանկանար ունենալ երկու և ավելի երեխա, սակայն ավելի քան կեսը նշում է, որ ֆինանսական դժվարությունները (բնակարան, աշխատանք, եկամուտ) խոչընդոտում են։ Տասից մեկի խոսքով՝ խոչընդոտ է զուգընկերոջ խնամքի ցածր մասնակցությունը, իսկ յուրաքանչյուր հինգերորդը որպես պատճառ մատնանշել է պատերազմներն ու համավարակները։

Կանայք տնային աշխատանքների անհավասար բաշխումն ավելի հաճախ են նշել որպես ծնելիության սահմանափակման պատճառ, քան տղամարդիկ՝ համապատասխանաբար 13 և 8 %։ Բացի այդ, հարցվածների 14%-ը նշել է, որ չունեն զուգընկեր՝ իրենց ցանկալի թվով երեխաներ ունենալու համար։

Հայաստանում վերջին տարիներին՝ 2018-2023-ին, ծնելիության գործակիցը որոշակիորեն աճել է՝ հասնելով 1,9-ի։ Սակայն, ըստ ՄԱԲՀ «Աշխարհի բնակչությունը» 2025-ի զեկույցի, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնային տնտեսությունների 60%–ից ավելին երեխա չունի։ Երկու երեխա ունի շուրջ 16 %, մեկ երեխա՝ մոտ 15 %, իսկ երեք և ավելի երեխա՝ ընդամենը 7 %։ ՄԱԲՀ տվյալներով՝ հայ զույգերն ամենաշատը ցանկանում են ունենալ երեք երեխա։

Հարցման մասնակցած հայերի շրջանում որպես երեխաների ցանկալի թվի հիմնավորում առանձնանում են ընտանիքի կայունության ընկալումը (27,3%), արդյունավետ դաստիարակության հնարավորությունը (15,7%) և մշակութային նորմերը՝ ինչպես հայկական միջավայրի, այնպես էլ ծնողական օրինակով առաջնորդվելու տեսանկյունից։

Վերջին 20 տարում Հայաստանում զգալիորեն բարձրացել է առաջին ամուսնության միջին տարիքը։ Եթե 2003-ին տղամարդիկ առաջին անգամ ամուսնանում էին միջինում 27,4, իսկ կանայք՝ 22,8 տարեկանում, ապա 2023-ին՝ համապատասխանաբար 32,1 և 28,5 տարեկանում։

Միաժամանակ, անպտղության ցուցանիշը Հայաստանում բավական բարձր է՝ 18,2%, որի մեծ մասը (15,5%) համարվում է կանխարգելելի երկրորդային անպտղություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում