Գլխավոր Լրահոս

4 զոհ, 1 որոնվող, 12 վիրավոր․ Ճամբարակի պայթյունի հետևանքները

4 զոհ, 1 որոնվող, 12 վիրավոր․ Ճամբարակի պայթյունի հետևանքները

Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում բազմաբնակարան շենքում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կա նաև մեկ որոնվող քաղաքացի։

«Այս պահին չորս զոհ ունենք, ևս մեկ որոնվող։ 12 վիրավոր ունենք, որոնցից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց նախարարը։ 

Նրա խոսքով՝ նյութական վնասը կգույքագրվի առաջիկայում, և այս պահին մարզպետի աշխատակազմը զբաղված է ընդհանուր իրավիճակի գնահատմամբ։

Խուդաթյանը նշեց, որ դրանից հետո կառավարությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի աղետի հետևանքները մեղմելու համար։ 

«Ցավոք սրտի, այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել, ինչին կառավարությունը պատշաճ կերպով արձագանքում է»,- ասաց նա։

Նախարարը հայտնեց, որ ըստ իրեն փոխանցված տեղեկատվության՝ պայթյունը շատ մեծ հավանականությամբ տեղի է ունեցել երրորդ հարկի բնակարանում՝ գազի արտահոսքից։ Նա ընդգծեց, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ ամբողջական պատասխանը պետք է տա փրկարար ծառայությունը։ 

«Մնացածի մասին պիտի քննություն իրականացվի, որպեսզի պատշաճ գնահատական տրվի»,- նշեց Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ մարզպետի աշխատակազմը գույքագրել է տարածքում գործող բոլոր հյուրանոցներն ու հյուրատները, և բոլոր այն բնակիչները, որոնք ժամանակավորապես ստիպված կլինեն լքել իրենց տները, կսպասարկվեն անհրաժեշտ պայմաններով։

«Կմնան այնքան հյուրանոցներում և հյուրատներում, ինչքան դրա անհրաժեշտությունը լինի, մինչև հարցին գլոբալ լուծում տրվի»,- վստահեցրեց նախարարը։ 

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում