Դադարեցվել են Ճամբարակի պայթյունի որոնողական աշխատանքները. հայտնաբերվել է 5-րդ զոհը

Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն՝ ընթացիկ խնդիրների կարգավորման համար։ Այդ մասին տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարությունից՝ հայտնելով, որ պատահարի հետևանքով զոհվել է հինգ անձ։
Ըստ աղբյուրի՝ շուրջ 282 փրկարարական ծառայողների և ոստիկանների ներգրավմամբ իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նաև մինչ այդ որոնվող տղամարդու դին։
Նշվում է նաև, որ շարունակվում են միջգերատեսչական մակարդակով աշխատանքները, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։
ՆԳՆ-ն հաղորդում է նաև, որ սահմանված հերթապահությանը ներգրավված է շուրջ 35 փրկարարական ծառայող' ընթացիկ խնդիների օպերատիվ կարգավորման նպատակով։
Ավելի վաղ ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ պայթունից վիրավորվել է 12 անձ։
Թեմա
Civilnet










