Արհեստական բանականության գործարանը կարող է կառուցվել Ակադեմիական քաղաքում

Հայաստանը պատրաստ է և ունի այդ հզորությունները երկրում գործարկելու արհեստական բանականության գործարան։ Այդ մասին կառավարության հունիսի 12-ի նիստին հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Վաչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարծիք հայտնեց, որ այն կարող է կառուցվել Ակադեմիական քաղաքում։
Նիստին Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց Հայաստանում 500 մլն դոլար արժողությամբ AI գործարան կառուցելու նախագիծը։
«Խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսների մասին է, որ Firebird ընկերությունը պետք է ձեռք բերի NVIDIA ընկերությունից։ Այդ պրոցեսորները համալրված են աշխարհի առաջատար չիպերով։ Սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների քլաուդ ծառայություններ մատուցել հայաստանյան տնտեսությանն ու աշխարհի տարատեսակ ընկերություններին»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ հետազոտողները, գիտնականներն ու մասնավոր բիզնես հատվածը նորարարությունների համատեքաստում վարձակալելու են Firebird-ի արտադրած ԱԲ ռեսուրսն ու իրենց հետազոտություններում կիրառեն։ Նախարարի խոսքով՝ որոշ հատված կառավարությունը նախատեսում է հասանելի դարձնել հայաստանյան ընկերությունների համար։ Այդուհանդերձ արտադրանքը մեծամասամբ վաճառվելու է խոշոր կազմակերպություններին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե կա արդյոք վերջնական որոշում, որ աշխատանքները սկսվում են։ Նախարարը պարզաբանեց, որ այդ որոշումը չկա, ըստ որի՝ համապատասխան հողատարածք կտրամադրվի ու կորոշվի էներգետիկ ռեսուրսների աղբյուրները։
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ առաջարկել է, որ նախագիծը իրականացվի Ակադեմիական քաղաքում։
«Մի բանում մենք վստահ ենք, որ համապատասխան ծավալի էներգիա մենք ունենք։ Այսինքն՝ այդ հաշվարկները դրված են նախագծի տակ»,- շեշտեց Փաշինյանը։
Նախօրեին նախարար Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանում 500 մլն դոլար արժողությամբ արհեստական բանականության (AI) գործարան կկառուցվի:
Նա նաև ընդգծել էր, որ սա «տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծն է լինելու»։
«Firebird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը»,- նշել է նախարարը։
Ըստ նախարարի՝ նախագծի շրջանակում կիրականացվի 500 մլն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, ինչպես նաև կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք։ Գործարկումը նախատեսվում է 2026-ին։
Հայրապետյանը նաև հայտնել է, որ AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։
«Այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն արձագանքում է գլոբալ տեխնոլոգիական փոփոխություններին, այլ նաև դառնում է այդ գործընթացների մասնակից։ Ձևավորվում է նոր հարթակ, որտեղ տեղական ներուժը հնարավորություն կունենա ստեղծելու արդիական լուծումներ՝ համահունչ միջազգային զարգացումներին։ Սա ռազմավարական ներդրում է մեր երկրի երկարաժամկետ տեխնոլոգիական առաջընթացի համար»,- եզրափակել էր Հայրապետյանը։
Գևորգ Թոսունյան
Թեմա
Civilnet










