Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել, ավելի քան 200 զոհ կա

Հնդկաստանից Լոնդոն ուղևորվող Air India-ի ինքնաթիռը կործանվել է օդ բարձրանալուց մի քանի րոպե անց։ Ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Նախնական տեղեկություններով 200 զոհ կա:
Ոստիկանները հայտնել են, որ այն վթարվել է բնակելի թաղամասում՝ օդանավակայանի մոտ։
«Ինքնաթիռը ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ Մաքրում ենք տարածքը, արդեն մաքրել ենք 70-80 տոկոսը», - լրագրողներին ասել է մի ոստիկան։
Air India-ի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 217 մեծահասակ, 11 երեխա և 14 անձնակազմի անդամ։ Ուղևորներից 169-ը Հնդկաստանի, 53-ը՝ Բրիտանիայի, 7-ը՝ Պորտուգալիայի, և 1-ը՝ Կանադայի քաղաքացիներ էին։
Վթարված ինքնաթիռը Boeing 787-8 Dreamliner մոդելի էր՝ ժամանակակից ուղևորատար ինքնաթիռներից մեկը։
«Ներկայում հավաքում ենք բոլոր մանրամասները և շուտով նոր տեղեկատվություն կտանք», - հայտարարել է ավիաընկերությունը X հարթակում։ Վիրավորներին տեղափոխում են մոտակա հիվանդանոցներ։
Ահմեդաբադի օդանավակայանի տվյալներով՝ ինքնաթիռը թռել է տեղական ժամանակով 13:39-ին։ Թռիչքից հետո այն ուղարկել է «Mayday» ազդանշան, սակայն դրանից հետո կապը կորել է։
Civilnet










