«Բանակից ազատվելու» նախագծի շուրջ թեժ քննարկումներ ԱԺ-ում՝ անգամ իշխանական պատգամավորների միջև

Գևորգ Թոսունյան
Վճարի դիմաց «բանակից ազատվելու» կամ կարճ ժամկետով ծառայելու նախագիծը կառավարությունում հաստատվելուց հետո շուրջ մեկ ամիս անց փոփոխությունների է ենթարկվել․ ավելացվել է վճարի գումարը, իսկ ամենակարևորներից կառավարությունն առաջարկում է քվոտավորման համակարգ ներդնել։ Փաթեթը նաև անդրադարձ է կատարում Քրեական օրենսգրքին։ Հունիսի 13-ին այս նախագիծը քննարկվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախագծի հեղինակին՝ իր գործընկեր Հայկ Սարգսյանին, կոչ արեց փաթեթը ժամանակավոր հանել օրակարգից։ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ չի գնա այդ քայլին, նա ասաց, որ Անդրանիկ Քոչարյանը սկզբում կողմ էր նախագծին, այնուհետև սկսեց դեմ արտահայտվել ու չմասնակցել քննարկումներին։ Սարգսյանի այս ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց, Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նա սուտ է ասում։ Իշխանական երկու պատգամավորները սկսեցին վիճել։
Այնուհետև հանձնաժողովը անցավ քվեարկությանը ու 5 կողմ, 4 դեմ ու 1 ձեռնպահ ձայներ ստացավ։ Սկզբում հավաքվածները մտածում էին, որ փաթեթն ընդունվել է, սակայն Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ այն չի անցել, ստացել է բացասական եզրակացություն։ Նախագիծը պետք է քննարկվի լիագումար նիստերի օրակարգում։

Նախագծով առաջարկվում է՝ բացի 24 ամիս տևող ծառայությունից ներդնել նաև 6 ամիս տևող ծառայություն՝ պետական բյուջեին 18 մլն դրամ վճարելու դեպքում կամ 1 ամիս՝ 24 մլն դրամ վճարելու դեպքում։ Բացի այդ, առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարի։ Կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր առաջարկ՝ «Պաշտպանության մասին» օրենքում սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է՝ արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում՝ ի օգուտ պետական բյուջեի վճարման միջոցով։
88,000 քաղաքացի խուսափել է զինվորական ծառայությունից. ինչ է ասում նախագծի հեղինակը
Մինչ քվեարկությունը այս նախագիծը անցավ բուռն քննակումներով։ Նախ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում չորս տարվա կտրվածքով շուրջ 88,000 քաղաքացի խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Սա, նրա կարծիքով, շուրջ տասը տարվա զորակոչին համահավասար է։
Սարգսյանն ասաց, որ ծառայությունից խուսափելու նախագիծն ինքը ներկայացրել էր ավելի վաղ, զորակոչվողների թիվը 2022-ին 46 տոկոս էր։
«Նախագիծն այդ ժամանակ չընդունվեց ու մեր հապաղելու պատճառով այդ թիվը դարձավ 31 տոկոս»,- նշեց պատգամավորը։
Իր փաստարկներն ամրապնդելու համար պատգամավորը նաև այլ վիճակագրություն ներկայացրեց։
«Քրեական գործերի թիվը ներկայացնեմ, որոնք կարճվել են ոչ արդարացնող հիմքով 2019-2023 թվականների ընթացքում։ 3,774 քրեական գործ է կարճվել ոչ արդարացնող հիմքով, վաղեմության հիմքով 2,500 գործ է կարճվել, քաղաքացիությունից հրաժարվել է 11,830 քաղաքացի, որոնք եղել են մինչև 18 տարի լրանալը, արական սեռի քաղաքացիներ։ Կառավարության որոշումով ազատվել են 20,679 քաղաքացիներ։ Առողջական հիմքով ազատվել են 43,486 քաղաքացիներ։ Սահմանված կարգի խախտման օրենքով, որն ընդունվել է մինչ այս՝ 9,155 քաղաքացի վճարել են մինչև 1,8 միլիոն և 1,429 քաղաքացի վճարել է 3,3 միլիոն։ Արտասահման ուսման նպատակով մեկնել է և չի վերադառնում 2,365 քաղաքացի, այս պահին հետախուզման մեջ գտնվում են 11,000-ից ավելի քաղաքացիներ։ Այսինքն՝ շուրջ 88,000 քաղաքացի մեր դանդաղելու արդյունքում խուսափել է զինվորական ծառայությունից ու զորակոչից»,- եզրափակեց Սարգսյանը։
Նախագծի հեղինակը պնդում է, որ զորակոչի ենթակաների 69 տոկոսը չի զորակոչվել, միայն 31 տոկոսը։ Նա նաև իր գործընկերներից մեկի որդու օրինակը բերեց, ասաց՝ պատգամավորի որդին միակն է դասարանում, որ գնալու է ծառայության։
«Կա մեկ շատ կարևոր խնդիր, որը մենք ունենք՝ քաղաքացիությունից հրաժարվելու տեմպերն են, որոնք վերջին 4-5 տարիներին աճել են, և տարեկան ունենք մոտ 2,000 քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիներ»,- ասաց Սարգսյանը։

Իշխանական պատգամավորը մի առաջարկ էլ ուներ՝ ծառայության հնարավորություն տալ նաև այն զորակոչիկներին, որոնք առողջական խնդիրներ ունեն ու գործող կարգավորումներով ծառայությունից ենթակա են ազատման։
«Պայմանականորեն, նույնիսկ մինուս վեց կարճատեսություն ունեցող, բայց ակնոցով անձը կարող է լիարժեք ծառայություն իրականացնել։ Նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչել, բայց այնպիսի ծառայության մեջ, որն իր առողջությանը չվնասի։ Այսինքն՝ կամ, օրինակ, հրաձիգ չլինի, բայց այլ ծառայության մեջ ներգրավված լինի»,- ասաց Սարգսյանը։
Մեկ այլ առաջարկ կա, որ քրեականացվի փորձաքննությունից հրաժարվելը։
«Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ինչպես տեսաք, ազատվել են ծառայությունից։ Ծառայությունից ազատվածների 80 տոկոսը առողջական խնդիրներով են։ Հաճախ մեր իրավապահ մարմինները ստանում են տեղեկատվություն, որ այդ առողջական թղթերը կեղծ են և ցանկանում են կրկնակի փորձաքննության ենթարկել՝ հարուցելով քրեական գործ։ Այդուհանդերձ, մեր քաղաքացիները մեծամասամբ հրաժարվում են կրկնակի փորձաքննությունից կամ նմուշ տալուց, որը քրեական պատասխանատվություն չի ենթադրում այժմ»,- ասաց Սարգսյանը։
Հայկ Սարգսյանը իր հիմնավորումներն ավելի պատկերավոր ցուցադրելու համար բերել էր գրատախտակ։ Նա նաև անդրադարձավ Իրան-Իսրայել հակամարտությանը՝ կարծիք հայտնելով, որ այն ցույց է տալիս՝ բնակչության ու զինծառայողների քանակն էական դեր չի խաղում, քանի որ Իրանն ունի մի քանի անգամ ավելի շատ բնակչություն ու զինվորական կազմ, քան Իսրայելը։
Պաշտպանության նախարարությունը քվոտավորում է առաջարկում

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ասաց, որ նախագիծը քննարկվել է բոլոր գերատեսչություններում։ ՊՆ-ն ունի իր դիրքորոշումներն, ու դրանք համաձայնեցվել են հեղինակի հետ։ Նախ և առաջ ՊՆ-ն առաջարկում է, այսպես ասած, քվոտավորման համակարգ ներդնել։
«Մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ պետք է սահմանվի տվյալ որոշման համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը, և այս գործընթացի իրականացման կարգը պետք է սահմանի կառավարությունը։ Այսինքն՝ օրենքը պետք է լիազորի Հայաստանի Հանրապետության կառավարությանն այս գործընթացն ամբողջությամբ կանոնակարգելու»,- ասաց Սարգսյանը։
Հաջորդը, փոխնախարարի խոսքով, գումարի չափն է, որը համաձայնեցվել է։
«Ըստ նախագծի՝ կրճատ ժամկետով ծառայությունը նախատեսվում է սահմանվել մեկ ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ»,- ասաց նախարարը։
Սա ատոմային ռումբ է. ընդդիմությունը դեմ է
Հայկ Սարգսյանի նախագիծն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը որակեց «ատոմային ռումբ Հայաստանի Հանրապետության տակ»։ Ընդդիմությունը, բացի բուն նախագծին դեմ լինելուց, դեմ էր նաև կարգ սահմանելու մոտեցմանը։
«Մենք չգիտենք՝ դա ինչպես է աշխատելու։ Ներկայացվել են միայն ընդհանուր պատկերացումներ ու թվեր, թե ինչի վրա է դա գնալու։ Ասվում է, որ մարդիկ ուղղակի «փողով» ազատվելու են ծառայությունից՝ այս կամ այն հիմնավորմամբ։ Բայց փաստացի, եթե այդ համակարգը դուք քվոտավորում եք, նշանակում է՝ հենց նախագծի հիմքում դրված էությունը, ըստ էության, չեղարկվում է։ Անկախ նրանից՝ մենք կողմ ենք, թե դեմ, հարցն այն է, թե ինչպես ենք պատկերացնում դրա կիրառությունը»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ պետությունը կոռուպցիոն համակարգերը չի փակում, փոխարենն այս օրենքն է բերում, որն իրավիճակն ավելի է վատթարացնելու։
«Եթե կոռուպցիայի դրսևորումների դեմ արդյունավետ մեխանիզմներ չեք սահմանել, ապա մարդիկ նույն այդ 24 մլն կվճարեն ոչ թե պետբյուջեին, այլ «սև շուկայում»՝ 10, 15 կամ 21 մլն դրամի չափով։ Հատկապես, որ այդ դեպքում իրենց որդիները չեն համարվի պահեստազորի մաս, իսկ հավանական ռազմական գործողություններին չեն մասնակցի։ Այսինքն՝ եթե չկան վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ, ապա օրենքով սահմանված 24 մլն ոչ թե կփակի կոռուպցիան, այլ պարզապես կդառնա «սև շուկայի» գնի ուղիղ ցուցիչ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Վերջինիս խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում զինծառայողը չի կարող զինվորական լիարժեք պատրաստություն ստանալ։ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը կողմ էր այս մոտեցմանը, նա առաջարկեց նախագծից հանել մեկ ամսվա դրույթը։
Թեմա
Civilnet










