Իրանի դեմ Իսրայելի հարձակման ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին այս պահին հարաբերական կայուն է։ Այս մասին հայտնել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
«Որևէ մտահոգիչ տվյալ այս պահին չունեմ»,- ասել է փոխնախարարը։
Լրագրողի հարցին, արդյոք անհանգստություն չկա, որ Իրանի դեմ հարձակումից հետո Հայաստանի դեմ ևս հարձակում կլինի, Արման Սարգսյանը պատասխանել է․ «Տարածաշրջանում յուրաքանչյուր էսկալացիա բնականաբար պետք է անհանգստություն պատճառի բոլորիս»։
Փոխնախարարն ասել է, որ եթե կարիքը լինի, Հայաստանը պաշտպանվելու է իր հնարավորությունների, կարողությունների չափով։
«Սակայն Հայաստանի Հանրապետությունը պետք է քաղաքական իմաստով անի ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում էսկալացիոն դեպքեր չլինեն»,- ընդգծել է Սարգսյանը։
Հունիսի 13-ին լուսադեմին Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ են զոհվել։
Ի պատասխան՝ Իրանը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, 100 անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել։
Civilnet











