Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Իսրայելի հարձակումներն Իրանի վրա՝ ընդգծելով, որ դրանք սպառնում են տարածաշրջանի փխրուն կայունությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող «GLOBSEC 2025» միջազգային անվտանգության ֆորումի շրջանակում՝ պանելային քննարկման ժամանակ։
«Մեր մտահոգությունն ենք հայտնում և դատապարտում Իսրայելի վերջին գործողությունները՝ ընդդեմ Իրանի։ Դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում։ Մենք շատ մտահոգ ենք», - նշել է Փաշինյանը։
Հունիսի 13-ին լույսը չբացված Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ են զոհվել։
Ի պատասխան՝ Իրանը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, 100 անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել։
Civilnet











