Հայաստանի առևտրային բանկերի կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալն աճել է 19,2%-ով, այն դեպքում երբ պետբյուջեի հարկային եկամուտներն աճել են 15%-ով։ Առաջանցիկ նման տեմպի արդյունքում բանկերի մասնաբաժինը վճարված հարկերի ընդհանուր ծավալում ավելացել է 0,14-տոկոսային կետով՝ մինչև 3,57%։
Հայաստանի 21 առևտրային բանկերից 14-ը անցած տարի ավելացրել են պետբյուջե վճարված հարկերի ծավալը։ Առևտրային բոլոր՝ 21 բանկերն անցած տարի պետբյուջե են վճարել Դ25,8 մլրդ-ի հարկեր, ինչը 2011թ. համեմատ ավելի է 19,2%-ով կամ Դ4,1 մլրդ-ով։ 2012թ. առևտրային բանկերի մասնաբաժինը պետբյուջեի հարկային եկամուտներում (առանց պարտադիր սոցվճարների) կազմել է 3,57%, այն դեպքում, երբ 2011թ. ցուցանիշը 3,43% էր։
Բացի այն, որ բանկերն ավելացրել են մասնաբաժիննը ընդհանուր հարկերի ծավալում, նրանց մասնաբաժինը 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված Դ558,5 մլրդ-ում կազմել է 4,6%։ 2011թ. արդյունքներով բանկերն ապահովել էին 1000 խոշոր հարկատուների վճարած Դ483,5 մլրդ հարկերի 4,4%-ը։
Բանկերի մասնաբաժնի ավելացումը թե՛ խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալում, թե՛ ընդհանուր հարկային եկամուտներում առաջին հերթին պայմանավորված է նրանց վճարած հարկերի ծավալի առաջանցիկ աճով։ Սա, իր հերթին, կապված է բանկերի ինչպես շահույթի աճի, այնպես էլ ընդլայնման հետ։
Բանկային համակարգի վճարած հարկերի 91,5%-ը կազմում են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ)։ 2012թ. բանկային համակարգում չբաշխված շահույթն աճել է Դ5,6 մլրդ-ով կամ 15%-ով՝ կազմելով Դ42,7 մլրդ։ Հասկանալի է, որ շահույթի աճի պայմաններում տեղի է ունենում նաև շահութահարկի աճ։ Մյուս կողմից՝ անցած տարի բանկային համակարգում մասնաճյուղերի թիվն ավելացել է 28-ով, ինչը նշանակում է աշխատակիցների թվի ավելացում։
Անցած տարի ամենից շատ աճել է «Մելլաթ բանկի» հարկերի ծավալը՝ 2,1 անգամ՝ կազմելով Դ1 մլրդ։ Սա բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ ըստ բանկի ֆինհաշվետվության՝ 2012թ. ընկերության շահույթը կրճատվել է Դ2,1 մլրդ-ով կամ 4,5 անգամ։ Բանկի հարկերի կտրուկ աճը չէր կարող տեղի ունենալ նաև եկամտահարկի հաշվին, քանի որ աշխատակիցների թիվը 2012թ. ավելացել է ընդամենը մեկով։
Բանկի վճարած հարկերի ծավալի աճը պայմանավորված է հարկային օրենսդրության առանձնահատկություններով։ Խնդիրն այն է, որ «Շահութահարկի մասին» օրենքի համաձայն՝ տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ։ Մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ՝ նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի կամ շահութահարկի հաշվարկային մեծության 18,75%-ի չափով։ Պարզ ասած՝ 2012թ. վճարած շահութահարկի համար բազա է հանդիսացել 2011թ. շահույթի մեծությունը։
Եթե «Մելլաթ բանկի» վճարած հարկերի ծավալի աճը պայմանավորված է 2011թ. ֆինանսական ցուցանիշներով, ապա մյուս բանկերինը՝ 2012թ. ֆինանսական արդյունքներով։
Civilnet











