Գլխավոր Լրահոս

Ցեմենտի մաքսատուրքի քառապատկումը և Արամ Սարգսյանի որդու բիզնեսը 

Ցեմենտի մաքսատուրքի քառապատկումը և Արամ Սարգսյանի որդու բիզնեսը 

Գևորգ Թոսունյան

Ազգային ժողովը մայիսի 29-ին երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով քառապատկվում է ցեմենտի ներկրման պետական տուրքը, միաժամանակ զրոյական մաքսատուրք է պահպանվում կլինկերի ներմուծման համար։ Հայաստանում կլինկերի հիմնական ներմուծողը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի որդուն՝ Գուրգեն Սարգսյանին պատկանող «Շինցեմենտ» ընկերությունն է։  «Հանրապետություն» կուսակցությունը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կոալիցիոն գործընկերն է Երևանի ավագանում, ինքը՝ Արամ Սարգսյանը, տարբեր հարցերում հանդես է գալիս կառավարության քաղաքականության պաշտպանությամբ։

«Պետական տուրքի մասին» օրենքում էկոնոմիկայի նախարարության ներկայացրած փոփոխություններով ցեմենտի ներկրման մաքսատուրքը քառապատկվեց՝ յուրաքանչյուր մինչև 100 տոննա ներմուծման համար 2,000 դրամից դարձավ 8,000 դրամ։ Ցեմենտի ներկրման մաքսատուրքին զուգահեռ չբարձրացվեց կլինկերի ներկրման մաքսատուրքը։

Կլինկերը (Clinker) ցեմենտի արտադրության հիմնական բաղադրիչն է: Այն ստացվում է հումքային նյութերի՝ հիմնականում կրաքարի և կավի խառնուրդը բարձր ջերմաստիճանի պայմաններում թրծելիս՝ հատուկ պտտվող վառարաններում։ Սա միջանկյալ արտադրանք է, որը վերածվում է ցեմենտի։ 

«Շինցեմենտ» ընկերությունը ստեղծվել է 2018-ի հուլիսին, և գործունեության ընթացքում մոտ 4,5 անգամ ավելացրել է վճարած հարկերը։ Եթե 2019-ին վճարել էր 310 մլն դրամ հարկ, ապա 2024-ին՝ 1,4 մլրդ դրամ։ Սա նշանակում է, որ ընկերության շրջանառությունն ու եկամուտներն էապես ավելացել են։ Ընկերության մյուս բաժնետերը Համազասպ Պողոսյանն է, որի հայրը երկար տարիներ աշխատել է ցեմենտի գործարանում՝ Արամ Սարգսյանի հետ։

Կլինկերի ներմուծմամբ զբաղվող մյուս՝ «Հոմոլ» ընկերությունը, որը թեև գործունեությունը սկսել է 2012-ին, 2018-ից հետո չի հայտնվել 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Ընկերության իրական շահառուն և միակ բաժնետերը ոչ հայտնի անուն է՝ Արամ Առաքելյան։

Հայաստան կլինկեր հիմնականում ներկրվում է Իրանից։ Կառավարությունը նախագծի ընդունումը հիմնավորում էր նրանով, որ հարևան Իրանում ցեմենտի 1 տոննայի գինը չափազանց նվազել է, ու դրա ներկրման դեպքում տեղական արտադրողները խնդիրներ են ունենալու։ Ըստ կառավարության վերլուծության՝ ներկայում իրանական ցեմենտի ինքնարժեքը Երևանում կազմում է 76 դոլար (կամ 30-31,000 դրամ), մինչդեռ արտադրական գործունեության արդյունքում տեղական արտադրության ցեմենտի ձևավորված միջին ինքնարժեքը 42-44,000 դրամ է (առանց ԱԱՀ):

Ստացվում է, որ կառավարությունը մի կողմից քառապատկում է ցեմենտի ներկրման մաքսատուրքը, մյուս կողմից՝ չի բարձրացնում կլինկերի ներկրման մաքսատուրքը, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում ցեմենտի տեղական արտադրողների և նախևառաջ Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտի» համար, որը, ինչպես նշված է ընկերության կայքում, արտադրությունը կազմակերպում է տեղական հումքով։ Մեկնաբանության համար մենք դիմեցինք նաև «Արարատցեմենտին», սակայն արձագանք դեռ չկա։

Ազգային ժողովում ցեմենտի ներկրման մաքսատուրքը բարձրացնելու նախագծի քննարկման ժամանակ քննադատություն հնչեց ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական որոշ պատգամավորների կողմից։ Ի վերջո, սակայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց նախագծին։ 

Հայաստանում 2021-ից ի վեր շինարարական բում էր, որը մեծապես պայմանավորված էր հիփոթեքային վարկով բնակարանների ձեռքբերման դեպքում վճարված տոկոսագումարի դիմաց եկամտային հարկի վերադարձով։ 2022-ին Էկոնոմիկայի նախարարությունը, հասկանալով, որ շինարարության տեմպերի պատճառով շուկան չի բավարարում ցեմենտի պահանջարկը, առաջարկեց ցեմենտի ներմուծման լիցենզավորման համար պետական տուրքը 14,000 դրամից իջեցնել մինչև 2,000 դրամ։

Պապոյանի այցը 

«Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությանը նախորդել էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այցը «Շինցեմենտի» գործարան մարտի 15-ին։ Նրան ուղեկցում էր օրենքն ԱԺ-ում զեկուցող փոխնախարար Էդգար Զաքարյանը։ Նրանց ուղեկցում էր ընկերության համասեփականատեր Գուրգեն Սարգսյանը։

Այցի մասին պաշտոնական հաղորդագրությունում նշվում  էր, որ «ընկերությունն արտադրում է Հայաստանի ցեմենտի շուրջ 15%-ը, բուն արտադրությունում ներգրավված աշխատակիցների թիվը 100 է, լոգիստիկ ծառայություններինը՝ 200»։ Ըստ հաղորդագրության՝ «Շինցեմենտ» ՍՊԸ-ն արտադրական գործունեությունն ընդլայնելու նպատակով ներկայում աշխատում է երեք աղացներով (նախկինում՝ մեկի փոխարեն), որի արդյունքում տարեկան արտադրվում է շուրջ 140,000 տոննա ցեմենտ։ Նշվում էր նաև, որ այդ քանակի արտադրանք տալու համար անհրաժեշտ է ներմուծել շուրջ 200-210,000 տոննա կլինկեր։

Արամ Սարգսյանի որդին՝ Գուրգեն Սարգսյանը, ուղեկցում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ընկերության գործարանում

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ այս դաշտ նոր խաղացող է փորձում մուտք գործել։ Ներդրումներ է անում «Դռագսման» ՍՊԸ-ն։ Այս ընկերության իրական շահառուն և 81 տոկոս բաժնետերը Դավիթ Սեդրակյանն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին։

Արամ Սարգսյանի պարզաբանումները

ՍիվիլՆեթի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասաց, որ կլինկերի ներկրման դեպքում համապատասխան մաքսատուրքի բացակայությունը որևէ առավելություն չի ստեղծում իր որդու բիզնեսի համար։ Նա նախ պարզաբանեց, որ տարիներ շարունակ գործարարությամբ չի զբաղվում՝ միայն քաղաքականությամբ, և ոչ էլ փորձում է խառնվել որդու գործերին։

«Կլինկերից ցեմենտ ստացման պրոցեսը շատ էներգատար է ու հավելանյութեր է պահանջում, որոնք Հայաստանում անհամեմատ թանկ են, քան Իրանում։ Արդյունքում արտերկրից կլինկերի աղացմամբ ստացվող ցեմենտն ավելի թանկ է ստացվում, քան տեղում արտադրող Արարատի ցեմենտ գործարանում է։ Միանշանակ, այդ պատճառով է, որ կլինկերի վրա զրոյական մաքսատուրք է»,- ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանում ՔՊ-ի հետ համագործակցությանն ու դրա դիմաց տնտեսական արտոնություն ստանալու հարցին, ապա ըստ Սարգսյանի, այդ համագործակցությունը այլ նպատակ է հետապնդում․ «Երևան քաղաքում կոալիցիա լինելը ռուսական ուղղվածության քաղաքական ուժերին մայրաքաղաքը չզիջելուն էր ուղղված և որևէ կապ չունի տղայիս բիզնեսի հետ»։ Սարգսյանը շեշտեց, որ տղան «բողոքում է՝ իրեն ամենաշատն են ստուգում»։

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը 2023-ի ընտրություններից հետո հուշագիր ստորագրեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ, այնուհետև իշխող ուժին աջակցեց ինչպես քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտրության, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին ու այլ ընդդիմադիրների մանդատից զրկելու, այնպես էլ տրանսպորտի, ավտոկայանատեղիների (կարմիր գծերի) թանկացման ու շատ այլ հարցերում։ 

Սարգսյանի խոսքով՝ կլինկերի ներմուծմամբ շուկան առողջանում է․ «Կլինկերը ռեսուրս է, որը ներկրվում է արտերկրից և Հայաստանում վերածվում է ապրանքի։ Այլոց ռեսուրսը ապրանքի վերածելը խրախուսելի է։ Ցեմենտը վերջնական ապրանք է։ Կլինկերի ներմուծումը մրցակցային միջավայր է ստեղծում շուկայում և կարգավորում է գինը։ Հայաստանում կլինկեր են աղում մեկ տասնյակից ավելի ընկերություններ, և ես շատ ուրախ եմ, որ իմ տղան խոշոր հարկատուների ցանկում է»,- ասաց Սարգսյանը։

ՍիվիլՆեթը Պետական եկամուտների կոմիտեին հարցում է ուղարկել ճշտելու կլինկերի ներմուծման ծավալները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում