«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսը պետական գաղտնիք է․ վարչապետի աշխատակազմ

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության ֆինանսավորումը եղել է պետական միջոցներով՝ գաղտնի գնումների շրջանակում։ Սիվիլնեթի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմից։
Պաշտոնական պատասխանի համաձայն՝ նախաձեռնության ծառայությունները ձեռք են բերվել վարչապետի արարողակարգային միջոցառումների շրջանակում՝ «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի համապատասխան կետի հիման վրա։
Աշխատակազմը նշում է, որ այս ծառայությունները ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, քանի որ վերաբերում են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց՝ տվյալ դեպքում՝ վարչապետի, արարողակարգային ծախսերին։
«Ըստ այդմ, հիշյալ միջոցառումների կազմակերպման ծառայությունները ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի հայցվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- նշել են վարչապետի աշխատակազմից:
Վարչապետի աշխատակազմից նաև հայտնել են, որ չունեն տվյալներ այլ ֆինանսավորման աղբյուրների կամ համաֆինանսավորող կազմակերպությունների վերաբերյալ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ֆինանսավորումը իրականացվել է միայն վարչապետի մասնակցությամբ միջոցառումների շրջանակում։
Civilnet










