Հայաստանի կառավարությունը քննարկում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից բխող սցենարները. հունիսի 17-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Իրանի շուրջ լարվածության ֆոնին նման նիստ չի հրավիրվել։
Նրա խոսքով՝ կառավարությունն ունի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու մի քանի ձևաչափ, այդ թվում՝ հրապարակային և փակ։
«Եթե դուք հարցնեիք՝ արդյոք կառավարությունը տվյալ իրավիճակից բխող ռիսկերը գնահատո՞ւմ է, դիտարկո՞ւմ է տարբեր սցենարներ, ապա՝ այո՛», - նշեց Ռուբինյանը՝ հավելելով, որ Իրան-Իսրայել պատերազմը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար:
«Երբ հարևան երկրում տեղի են ունենում ռազմական գործողություններ, դա ինքնին սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար», - ասաց Ռուբինյանը՝ ճիշտ չհամարելով խոսել այդ ռիսկերից բխող սցենարների մասին, քանի որ «հիմա իմաստ չունի սպեկուլյացիաներ անել»: Այնուամենայնիվ, կառավարությունը, վստահեցրեց Ռուբինյանը, պատրաստ է տարբեր սցենարների:
Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները շարունակվում են հինգերորդ օրը։ Բախումները սկսվել են հունիսի 13-ին՝ Իսրայելի կողմից Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին հարվածներով։ Թիրախավորվել է նաև Թեհրանը: Այդ ամենն ուղեկցվել է իրանցի բարձրատսիճան զինվորականների և միջուկային գիտնականների սպանություններով: Իրանը պատասխանել է հրթիռային և անօդաչուների հարվածներով՝ թիրախավորելով Իսրայելի քաղաքները, այդ թվում՝ Թել Ավիվն ու Հայֆան։
Հարվածների հետևանքով երկու կողմերում էլ կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։
Civilnet











