Գլխավոր Լրահոս

Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից․ Սամվել Կարապետյան

Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից․ Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չի պատրաստվում հրաժարվել իր սկզբունքներից ու արժեքներից։

«Առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհություն կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը, ցավոք, այս իշխանության «որակների» ոչ ամբողջական ցուցակն է։ Բայց Հայաստանը միշտ ու առաջին հերթին հայտնի է եղել իր սկզբունքային և անվախ որդիներով, ու դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել նրանց։ Երեկ շատերն ընդվզեցին անարդարության դեմ, ու ես անկեղծ շնորհակալ եմ նրանց»,- ասված է հայտարարության մեջ։

Կարապետյանը նշել է, որ իր հայրենիքն ու հայրենակիցները մշտապես եղել են իր ու ընտանիքի կյանքի և գործունեության առանցքում։ «Այդպես եղել է, կա ու կլինի միշտ։ Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում ինքը Հայաստանն է՝ անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր Եկեղեցու հանդեպ»,- նշվում է հայտարարության մեջ։

Ավարտելով իր խոսքը՝ Կարապետյանն ասել է․ «Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից։ Աստծո օգնությամբ»,-։ Հայտարարությունը տարածել է «Տաշիր» ընկերությունը։

***

Հունիսի 18-ի գիշերը ժամը 03:00-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանը իրավապահների ուղեկցությամբ տեղափոխվել է Քննչական կոմիտե։ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) խուզարկություն էր սկսել Կարապետյանի տանը։ Այսօր վաղ առավոտյան պարզ դարձավ նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։ Առավոտյան Կարեն Կարապետյանն ու որդին՝ Նարեկը ևս ՔԿ-ում են եղել ու դուրս են եկել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր նաև ասել է, որ քրեական վարույթը կապ չունի ՀԷՑ-ի հետ։

Հայաստանի իշխանությունը հունիսի 17-ին մի պահ մոռացավ Գարեգին Բ-ին (որին իշխանականները սկսել էին անվանել քաղաքացիական անունով՝ Կտրիճ Ներսիսյան) ու սկսվեց արշավը «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ։ Պատճառը Կարապետյանի երեկ արված այս հայտարարությունն էր․ «Մի փոքրիկ խմբակ՝ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայ եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամենին»,- ասել էր նա News.am-ին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Ազգային ժողովում մասնակցում էր բյուջեի կատարողական քննարկմանը, այս թեման թողած իր սոցիալական ցանցերում մեկնարկեց Կարապետյանի դեմ հարձակում։

Վարչապետը սկսեց վիրավորանքով․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»,- այսպես նա գրեց իր սոցիալական հարձակումը։

Այնուհետև տնտեսական հաջողությունների, հատիկ առ հատիկ պետությանը վերադարձված գույքերի ու հայտարարագրման մասին թեմաները փոխարինվեցին Կարապետյանի հանդեպ ատելության խոսքով։

«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»,- գրել էր վարչապետը, իսկ այդ պահին արդեն իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Սամվել Կարապետյանի տանը։

ՆԳՆ-ից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ «Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Այդ պահին չէր հաստատվում Սամվել Կարապետյանի ձերբակալման լուրը։

Փոխարենը գործարարը տանն էր, նրա եղբայրը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանն էր դուրս գալիս ու որոշ մեկնաբանություններ տալիս լրագրողներին։

Սամվել Կարապետյանը ռուսական լրատվամիջոցներին էր փոխանցում իր ասելիքը՝, նա նշել էր, որ ի սկզբանե իրավապահները ցանկացել են իրեն ձերբակալել, սակայն հավաքված մարդիկ չէին թողել։

Մինչ իրավապահները գործողություններ էին իրականացնում, վարչապետ Փաշինյանը շարունակում էր քաղաքական հայտարարություններ անել․ «Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»,- գրում էր նա՝ դիմելով Կարապետյանին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում