Գլխավոր Լրահոս

Աբազյանն արժանացել է, «որ մի քիչ հանգստանա». Փաշինյանի ճեպազրույցը

Աբազյանն արժանացել է, «որ մի քիչ հանգստանա». Փաշինյանի ճեպազրույցը

Ժաննա Ավագյան

Արմեն Աբազյանն արժանացել է, որ մի քիչ հանգստանա. Նիկոլ Փաշինյան այսպես արձագանքեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից ազատելու իր որոշմանը։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱԾ տնօրենին ազատելու իր այսօրվա որոշումը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի շուրջ զարգացումների հետ, պատասխանեց, թե Աբազյանը իր վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում՝ 2020-ի նոյեմբերից, և աշխատել է ամենաբարդ ժամանակահատվածում. «Ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա»։

«ԱԱԾ տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ամենին, ինչ վերաբերում է անվտանգությանը, հիբրիդային անվտանգությանը»,- պարզաբանեց Փաշինյանը։

Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք ազատումը կարո՞ղ է կապված լինել այն բանի հետ, որ նա հրաման չի կատարել, Փաշինյանը պատասխանեց՝ ԱԱԾ տնօրենը չէր կարող չկատարել իր հանձնարարականը։

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Աբազյանի ազատման պատճառը կապված է նախօրեին գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրավապահների գործողությունների հետ։ Հունիսի 17-ին Կարապետյանը իր աջակցությունը հայտնեց Ամենայն հայոց կաթողիկոսին և հայտարարեց, որ ինքը եկեղեցու կողքին է։ Այդ հայտարարությանը հետևեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կարապետյանին ուղղված գրառումները Ֆեյսբուքում, ինչին էլ հաջորդեց իրավապահների խուզարկությունը Սամվել Կարապետյանի երևանյան առանձնատանը։ Կեսգիշերն անց Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ տարվել է ոստիկանություն։

ՀԷՑ-ը ազգայնացնելու մտադրության մասին

Սամվել Կարապետյանի հայտարարության շուրջ զարգացումների ֆոնին Փաշինյանը այսօր Ֆեյսբուքում հայտարարեց նրան պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը (ՀԷՑ) ազգայնացնելու մտադրության մասին։

Ճեպազրույցում Փաշինյանը հերքեց պնդումները, թե ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին իր հայտարարությունը կապ ունի Կարապետյանի հայտարարության հետ։

«Ես ուղիղ մեկ ամիս առաջ մեկ ամիս ժամկետով տվել էի հանձնարարական, որ ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի։ Իմ բազմաթիվ մարզային այցելությունների ժամանակ ես զարմանքով և զայրույթով արձանագրեցի, որ ըստ էության ՀԷՑ-ը իր գործունեության արդյունքում էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Հիմա վերլուծությունը առնվազն հիմք է տալիս մտածելու, առնվազն թույլ չի տալիս հրաժարվել էդ մտքից, որ այդ ամեն ինչը արվում է Հայաստանում ներքին, հանրային դժգոհություն գեներացնելու համար»։

«Ես տվել էի հանձնարարարական, որ մի ամսվա ընթացքում պետք է ժողովրդին հասցված վնասը վերականգնելու հստակ մեխանիզմներ ներդրվեն»,- ասել է Փաշինյանը։

Սամվել Կարապետյանի հայտարարության մասին

«Այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, այդ հայտարարությունը ՀՀ-ի մասին էր, և փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից և, ինչպես իրենք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը։

«ՀՀ-ում յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական և հանրային կյանքին մասնակցելու իրավունք, բայց ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող»,- նշել է Փաշինյանը։  

Եկեղեցու հետ հարաբերությունների մասին

«Ես պատերազմ չեմ հայտարարել [եկեղեցուն]։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են եկեղեցու կանոնակարգը, կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները։ Եվ իմ խնդիրը որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ, եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին և հոգևոր արմատներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք 2018-ին հեղափոխություն ենք իրականացրել, և բախումներ չեն եղել։ Հիմա մենք բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում և այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների ու քայլերի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում