Սամվել Կարապետյանին դատարանը որոշեց կալանավորել երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով: Այդ մասին քիչ առաջ դատարանի շենքի դիմաց լրագրողներին հայտնեց Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը:
Պաշտպանը հայտարարեց, որ կայացված որոշումն ապօրինի է և նրանք մտադիր են բողոքարկել այն վերադաս ատյանում: Ֆերոյանի խոսքով, դատարանի որոշման հիմքում չկան բավարար իրավական հիմնավորումներ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Սամվել Կարապետյանի ուղերձը
Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը նաև հրապարակեց վերջինիս ուղերձը, որտեղ նա նշում է, որ ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքով իրեն չեն կարող ճնշել ու շեղել որդեգրած սկզբունքներից։
«Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին՝ ապացուցելով, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն՝ հանուն արդարության և առանց հանձնարարությունների:
Կյանքիս ընթացքում հաջողությունների հետ զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձնվել: Ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներիցս:
Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին: Ջանք ու եռանդ չեմ խնայել, չեմ խնայում և չեմ խնայելու հայրենիքիս, հայության կյանքը բարելավելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար:
Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող: Ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա: Առաջ: Աստված մեզ հետ»:,- ասված է ուղերձում:
***
Երեկվանից Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Հունիսի 18-ին ժամը 02:40-ի սահմաններում, Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ գնացել է ոստիկանություն։ Իր առանձնատնից դուրս գալիս նա վերահաստատել է, որ կանգնած է եկեղեցու կողքին։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մայիսի 24-ին Ժնևում մասնակցել էր Արցախի ժողովրդի իրավունքների հարցերով համաժողովի, ինչից հետո Փաշինյանը քննադատական հարձակումներ սկսեց նրա նկատմամբ՝ բարձրաձայնելով նրա՝ կուսակրոնության ուխտը խախտելու մասին։ Ավելի ուշ Փաշինյանը սկսեց պահանջել, որ Գարեգին Բ-ն ազատի վեհարանը։
Փաշինյանը հայտարարել է նաև Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։
Թեմա
Civilnet









