Գլխավոր Լրահոս

Ոսկու տենդ. ներհոսած ռուսական փողերը և Հայաստանը համակած «հոլանդական հիվանդությունը» 

Ոսկու տենդ. ներհոսած ռուսական փողերը և Հայաստանը համակած «հոլանդական հիվանդությունը» 

Արշալույս Մղդեսյան

Անցած երկու տարվա ընթացքում Հայաստանը անսպասելիորեն դարձավ ռուսական ոսկու վերաարտահանման ուղղություններից մեկը։ Պատժամիջոցների, պատերազմի և Ռուսաստանի աճող աշխարհաքաղաքական մեկուսացման պայմաններում փոքրիկ Հայաստանը դարձավ խոշոր տարանցիկ հանգույց, որի միջոցով միլիարդավոր դոլարների արժողությամբ թանկարժեք մետաղներ հոսեցին դեպի արևելք՝ Դուբայ, Հոնկոնգ և Չինաստան։

Ոսկու տենդը շատ արագ փքեց հայկական տնտեսությունը՝ ստեղծելով սպեկուլյատիվ աճ։ Սակայն, ինչպես դասական «հոլանդական հիվանդության» դեպքերում, արագ շահույթներին չհետևեցին ինստիտուցիոնալ բարեփոխումներ կամ կայուն զարգացում։ Ավելին, շրջանցիկ սխեմաներով երկիր ներհոսած արտաքին կապիտալը ձեռք բերեց քայքայիչ բնույթ՝ խորացնելով տնտեսական կախվածությունը, մեծացնելով ոչ թափանցիկությունը և թողնելով միայն վիճակագրական հետք։

Ի՞նչ է քայքայիչ կապիտալը 

Քայքայիչ (կորոզիվ) կապիտալը պարզապես քրեական տարրեր պարունակող «կեղտոտ փողեր» չեն։ Դրանք այնպիսի ներդրումներ և ֆինանսական հոսքեր են, որոնք, թեև օրինականության շրջանակում են, խարխլում են ընդունող երկրի ինստիտուցիոնալ, տնտեսական և քաղաքական կայունությունը։ Այդպիսի կապիտալը խորացնում է կախվածությունները, խեղաթյուրում մրցակցային դաշտը, դուրս է մղում կայուն զարգացման մոդելները և խոչընդոտում առողջ տնտեսական աճը։

Ռուսական ոսկու վերաարտահանման դեպքում խոսքը հենց այդպիսի կապիտալի մասին է. այն հանկարծակի հայտնվեց Հայաստանում՝ շրջանցելով թափանցիկ մեխանիզմները, կենտրոնանալով փոխկապակցված կառույցների փոքր շրջանակում։ Այդ հոսքն արհեստականորեն բարձրացրեց մակրոտնտեսական ցուցանիշները՝ առանց որևէ իրական զարգացման։ Ի վերջո, այն թողեց ինստիտուցիոնալ ու կառուցվածքային խեղումներ, որոնց հետևանքները Հայաստանն այժմ ստիպված է հաղթահարել։

Ոսկու ասեղը․ Ռուսաստանից՝ Հայաստան, հետո՝ Դուբայ ու Հոնկոնգ

2022-ին Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները կտրուկ սահմանափակեցին ռուսական ոսկու օրինական արտահանման հնարավորությունները։ ԱՄՆ-ն ոսկին որակեց որպես «Ռուսաստանի խոշորագույն ոչ էներգետիկ արտահանման ապրանք» և պատժամիջոցներ սահմանեց դրա գնման վրա։ Թեև արգելքը վերաբերում էր միայն ԱՄՆ ներմուծմանը, դրա հետևանքներն ունեցան գլոբալ ազդեցություն․ ռուսական ծագում ունեցող ոսկին դադարեց ընկալվել որպես «մաքուր» ապրանք միջազգային շուկայում, և խոշոր բանկերն ու ներդրումային հիմնադրամները հրաժարվեցին այն գնելուց։

Դեպի Արևմուտք ճանապարհը փակվելուց հետո Ռուսաստանը վերաուղղորդեց իր արտահանման հոսքերը դեպի Արևելք՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Հոնկոնգ և Թուրքիա։ Սակայն 2023-ի ապրիլից նոր ուղղիները ևս բախվեցին խոչընդոտների։ Ըստ Hetq-ը և The Insider-ի հրապարակումների՝ Ռուսաստանը դադարեցրեց ոսկու ուղղակի արտահանումը Եվրասիական տնտեսական միությունից դուրս։ Հենց այդ ժամանակ Հայաստանը դարձավ նոր տարանցիկ հանգույց, որի միջոցով ռուսական ոսկին վերադարձավ միջազգային շուկա։

Միայն 2023-ից մինչև 2024-ի առաջին կեսը Հայաստան է ներմուծվել մոտ 111 տոննա ռուսական ոսկի՝ 6,2 մլրդ դոլար արժողությամբ։ Համեմատության համար՝ սա համարժեք է երկրի տարեկան ՀՆԱ-ի գրեթե մեկ երրորդին։ Սակայն մետաղը գրեթե չէր մնում Հայաստանում․ 2023–2024 թթ. դրա ամբողջ ծավալը վերահարտահանվել է՝ առաջին հերթին ԱՄԷ, ինչպես նաև՝ Հոնկոնգ և Չինաստան։

Հայաստանը դարձավ հարմար «պատուհան»՝ մի քանի հանգամանքի շնորհիվ. անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավորություն էր տալիս խուսափել արտահանման մաքսատուրքերից, երկրում բացակայում էր արժութային վերահսկողությունը, իսկ ոսկու ծագման վերահսկողության ոլորտում առկա էր թույլ իրավական դաշտ։ Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանի խոսքով՝ Ռուսաստանն օգտագործում էր հայկական ընկերությունները որպես միջնորդ՝ ոսկին վաճառելու ԱՄԷ-ում։ Շատ հաճախ մետաղը ձևական վերամշակման էր ենթարկվում՝ ստանում հայկական մակնշում, անցնում նվազագույն մշակման փուլ և ներկայացվում որպես Հայաստանում արտադրված արտադրանք։

Ովքե՞ր էին «ոսկու սխեմայի» հետևում

Ռուսական ոսկու վերահարտահանման գործընթացում Հայաստանի միջոցով առանցքային դեր էին խաղում մասնավոր ընկերությունները, որոնցից մի քանիսը, ըստ Hetq-ի հետաքննող լրագրող Սեդա Հերգնյանի, փոխկապակցված են հայկական քաղաքական և տնտեսական վերնախավի ներկայացուցիչների հետ։

«2024-ին ռուսական ոսկու խոշորագույն ներմուծողներից ու միաժամանակ արտահանողներից դարձավ «Երևանի ոսկերչական գործարանը»՝ ընկերություն, որը կապված է իշխող քաղաքական ուժի ազդեցիկ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ»,- ասում է Հերգնյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Ընկերությունը հիմնադրվել է 2022-ին և գործում է մեծածախ շուկայում։

Հայտնի է, որ այս ընկերությունը ոսկի էր ստանում ռուսական տասնյակ մատակարարներից և վերամշակումից հետո ներկայացնում էր արտադրանքը որպես Հայաստանում արտադրված։ Բացի այս ընկերությունից՝ սխեմայի խոշոր խաղացողների թվում էին նաև TB Arm, Golden Line, Diamond Standard և Win-Gold ընկերությունները, որոնցից յուրաքանչյուրը ներմուծել է տասնյակ և հարյուրավոր միլիոնավոր դոլարների արժողությամբ ոսկի, ըստ մամուլի հրապարակումների։

Այս ընկերություններից մի քանիսը հայտնվել են նաև Հայաստանում ադամանդների խոշոր ներմուծողների և արտահանողների ցանկում։ Ադամանդը ևս, ինչպես ոսկին, արտահանվում էր արտաքին շուկաներ՝ հայկական տարանցման մեխանիզմներով։

Ըստ Observatory of Economic Complexity և վերլուծական մի շարք այլ աղբյուրների՝ 2023–2024 թթ. ոսկու վերահարտահանումը դարձավ Հայաստանի արտաքին առևտրի հիմնական շարժիչ ուժը։ 2023-ին ոսկու արտահանումը հասել է ռեկորդային՝ 1,82 մլրդ դոլարի՝ դառնալով Հայաստանի արտահանման կառուցվածքի ամենախոշոր ուղղությունը։ 2024-ի առաջին ինն ամիսներին արտահանումն աճել է մինչև 5,2 մլդ դոլար, մինչդեռ ներմուծումը կազմել է 4,9 մլրդ դոլար, ինչը վկայում է սխեմայի նշանակալի ընդլայնման մասին։ Ներմուծված ոսկու գրեթե ամբողջ ծավալը գալիս էր Ռուսաստանից, իսկ արտահանումն իրականացվում էր հիմնականում դեպի ԱՄԷ, Հոնկոնգ և Չինաստան։

Այս կառուցվածքով արտաքին առևտուրը, ըստ էության, վերածվել էր պարզապես տարանցման․ ավելացված արժեքը մնում էր նվազագույն, իսկ մակրոտնտեսական ցուցանիշները՝ արհեստականորեն բարձրացված։ 2024-ի կեսերին Ռուսաստանում ոսկու արտահանման մաքսատուրքի չեղարկումը և միջազգային վերահսկողության խստացումն առաջացրին կտրուկ անկում․ Հայաստանի տնտեսությունը, որը զգալիորեն կախված էր այս «ոսկե փուչիկից», հայտնվեց խոցելի վիճակում արտաքին ցնցումների հանդեպ։

Անսպասելի փողեր և վիճակագրական պատրանքները

2023-ին Հայաստանից ոսկու արտահանումը հասավ ռեկորդային՝ 1,8 մլրդ դոլարի, իսկ արդեն 2024-ի առաջին չորս ամիսներին գերազանցեց 2,5 մլրդ դոլարը։ Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի և Կենտրոնական բանկի տվյալների՝ կտրուկ աճել էր նաև ոսկու ներմուծումը՝ հիմնականում Ռուսաստանից։ Միայն 2024-ի առաջին եռամսյակում Հայաստանը արտահանել էր գրեթե կրկնակի ավելի ոսկի, քան ամբողջ 2023-ին։

Այս համատեքստում տնտեսական աճի ցուցանիշները դարձան տպավորիչ, իսկ մակրոտնտեսական տվյալները՝ կայուն դրական։ Լրատվամիջոցներն Հայաստանը սկսեցին համեմատել տարածաշրջանի տնտեսական «վագրի» հետ, իսկ միջազգային ֆինանսական կազմակերպությունները մատնանշում էին արտահանման դինամիկայի «զարմանալի» աճը։ Սակայն տնտեսական աճի այդ պատկերը հիմնականում կառուցվել էր վերահարտահանման վրա՝ գործընթաց, որն ուներ արտաքին շողք, բայց չուներ խորքային տնտեսական արժեք։

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում փաստացի ընդունեց, որ տնտեսական ակտիվության զգալի մասը կրել է արհեստական բնույթ։ Նրա խոսքով՝ հատկապես ոսկերչության ոլորտում առաջացել են վիճակագրական խեղումներ, երբ ոլորտը ձևականորեն ցուցադրում էր աճ, սակայն հարկային էական մուտքեր չէր ապահովում։ Արդյունքում՝ 2024-ին արձանագրվել է մոտ 500 մլն դոլարի չափով հակերի թերհավաքագրում, որը պայմանավորված էր ԱԱՀ-ի վերադարձման սխեմաներով։

Ըստ այդ սխեմաների՝ ոսկի ներմուծող ընկերությունները հայտարարում էին վերամշակում և վերաահարտահանում, ինչի արդյունքում ստանում էին ԱԱՀ-ի վերադարձ, սակայն իրականում չէին ստեղծում որևէ էական ավելացված արժեք։ Արդյունքում՝ ՀՆԱ-ի և տնտեսական ակտիվության ցուցանիշները ձևականորեն աճում էին, մինչդեռ պետական բյուջեն չէր ստանում համարժեք եկամուտներ։

Տնտեսագետներն այս իրավիճակը բնութագրում են որպես դասական «հոլանդական հիվանդություն», երբ հանկարծակի և «հեշտ» փողերի ներհոսքը տնտեսության մեկ ոլորտում առաջացնում է մակրոտնտեսական դիսբալանս՝ առանց երկարաժամկետ ազդեցության։

«Ոսկու տենդի» բացասական հետևանքները փաստացի ընդունում է նաև ֆինանսների նախարար Հովաննիսյանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում նա նշում է, որ հեշտ փողերը, որոնք տնտեսություն էին մտնում վերահարտահանման սխեմաներով, հաճախ զրկում էին տնտեսվարողներին արտադրություն զարգացնելու կամ բարդ արտադրական շղթաներ ձևավորելու մոտիվացիայից։ Նախարարը, ըստ էության, հաստատում է, որ հանկարծակի ներհոսած արտաքին կապիտալը ոչ թե դրական արդյունք է տվել, այլ թուլացրել է տնտեսության հիմքերը, որոշ ոլորտներում՝ հասցնելով քայքայիչ հետևանքների։

«Հայաստանի տնտեսությունն այս ընթացքում պարզապես ուռավ, բայց չզարգացավ։ Կառուցվածքային և որակական փոփոխություններ այդպես էլ տեղի չունեցան»,- ասում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ (1994–1998) Բագրատ Ասատրյանը՝ փաստացի ընդգծելով այս կապիտալի քայքայիչ բնույթը՝ երկարաժամկետ կտրվածքով երկրի տնտեսության համար։

Հիվանդության ախտանիշները․ աճ առանց զարգացման

2024-ի ապրիլին Հայաստանի արտահանման 82 տոկոսը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներն ու քարերը, հիմնականում՝ ոսկին և ադամանդը։ Համեմատության համար՝ 2023-ի ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 24 տոկոս։ Այսինքն՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում արտահանման կառուցվածքում տեղի է ունեցել աննախադեպ շեղում՝ մեկ ապրանքախմբի օգտին։

Միաժամանակ արձանագրվել է արտահանման անկում գրեթե բոլոր այլ ոլորտներում՝ սկսած հանքային հումքից և թղթից մինչև գյուղատնտեսական արտադրանք, այդ թվում՝ բանջարեղեն, միս ու կաթնամթերք։ Հատկապես ծանր հարված է կրել ավտոմոբիլային և տրանսպորտային լոգիստիկայի ոլորտը, որը նախկինում համարվում էր արտաքին առևտրի աճի կարևոր շարժիչներից մեկը։ Այսպիսով, ոսկու վերահարտահանումը ոչ միայն չխթանեց տնտեսության այլ ճյուղերի զարգացումը, այլև իրականում ձուլեց դրանք՝ ստեղծելով արտահանման և տնտեսական աճի պատրանք։

Տնտեսագետ և վերլուծաբան Էմանուել Մկրտչյանը CivilNet-ի տեղի ունեցողը բնութագրում է որպես ժամանակավոր եկամուտների անարդյունավետ կառավարման արդյունք՝ տնտեսությունը համեմատելով ստերոիդներով սնուցված օրգանիզմի հետ։ Նրա խոսքով՝ պետությունը հարկեր էր հավաքում, սակայն չէր կատարում ռազմավարական ներդրումներ․ գրեթե որևէ առաջընթաց չէր նկատվում ենթակառուցվածքների կամ արդյունաբերության ոլորտներում, իսկ խոշոր ծրագրերը, օրինակ՝ ջրամբարների կառուցումը կամ կոմունալ ցանցերի արդիականացումը, կա՛մ հետաձգվում էին, կա՛մ ամբողջությամբ սառեցված էին։

Երբ «ոսկե» հոսքերը սկսեցին սպառվել, ի հայտ եկան տնտեսության քրոնիկ կառուցվածքային խոցելիությունները, առաջին հերթին՝ արտաքին պահանջարկից կախվածությունը և ներքին ներդրումների պակասը։ Այս ամենի արդյունքում՝ արտահանման բումը չդարձավ հնարավորությունների պատուհան, այլ ընդամենը հետաձգեց տնտեսական իրականության հետ բախման պահը։

Քաղաքական ռիսկեր և ապագայի դասեր

Թեև Հայաստանը պաշտոնապես չէր խախտում միջազգային պատժամիջոցները, Ռուսաստանի ոսկու վերահարտահանման սխեմաներում մասնակցությունը երկրի նկատմամբ սրել է Արևմուտքի ուշադրությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը Հետքին հաստատել է՝ ռուսական պատժամիջոցների տակ հայտնված ոսկու արտահանումը կարող է առաջացնել երկրորդական պատժամիջոցների ռիսկ, սակայն Հայաստանի դեմ փաստացի պատժամիջոց առայժմ կիրառված չէ։ 

Նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը նշել է, որ իրավիճակն մոնիթորինգի տակ է: Նրա խոսքով՝ չնայած Հայաստանի ներդրած մոնիթորիգի գործիքակազմն արդյունավետ է, այնուամենայնիվ, նույնիսկ հիպոթետիկ սպառնալիքը կարող է թուլացնել վստահությունը Հայաստանի բանկային համակարգի և առևտրային ուղիների նկատմամբ՝ հատկապես Եվրամիության և ԱՄՆ-ի շուկաների տեսանկյունից։

Տնտեսագետների կարծիքով՝ այսպիսի խոցելիությունը վկայում է քայքայիչ կապիտալին բնորոշ ռիսկերի մասին։ Այն կարող է արտաքինից օրինական թվալ, սակայն փաստացի քայքայում է երկրի տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունությունը։ Այս պարագայում վերահարտահանման տեսքով ներհոսած փողերը խորացրել են կախվածությունը ոչ թափանցիկ մեխանիզմներից՝ պոտենցիալ ռիսկ ստեղծելով երկրի միջազգային հեղինակությանը՝ Հայաստանը դարձնելով ավելի զգայուն քաղաքական ճնշման գործիքների նկատմամբ։

ASCES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը ընդգծում է, որ «ոսկու ցիկլը» ամբողջությամբ արտաքին բնույթ ուներ։ Հայաստանը չէր վերահսկում ո՛չ ռեսուրսի ծագումը, ո՛չ դրա ներհոսքի պայմանները, ո՛չ էլ վերջնական կապիտալի ուղղությունները։ «Դա օրգանական աճ չէր։ Դա փուչիկ էր՝ փքված արտաքին գործոններով։ Երբ դրանք անհետացան, տնտեսությունը վերադարձավ իրականություն»,- ասում է նա։

Ֆանյանը շեշտում է՝ վերահարտահանումը չստեղծեց ավելացված արժեքի շղթաներ, կայուն աշխատատեղեր կամ ներդրումներ իրական հատվածում։ Համակարգը մնաց փակ՝ կենտրոնացած սահմանափակ խմբի ձեռքում։ Ճիշտ այդպիսի միջավայրն էլ սնուցում է քայքայիչ կապիտալի ներթափանցումը։

Բացի ինստիտուցիոնալ հետևանքներից, ոսկու վերահարտահանումը բերել է նաև մակրոտնտեսական և արժութային լուրջ խեղումներ։ Արտարժույթի զանգվածային ներհոսքը հանգեցրել է դոլարային զանգվածի կտրուկ ավելացման և դրամի վերարժևորման։

2023-2024 թթ. դրամի շարունակական արժևորումը լուրջ վնաս է հասցրել արտահանման ավանդական ճյուղերին, առաջին հերթին՝ գյուղատնտեսությանը։ Դրամի արժևորման հետևանքով արտադրանքի ինքնարժեքը բարձրացել է, և հայկական ապրանքը դարձել է ոչ մրցունակ արտաքին շուկաներում։ «Այսպիսով՝ արտածին գործողններով պայմանավորված՝ ոսկու ոչ օրգանական արտահանումը, ըստ էության, դուրս է մղել իրական արտահանումը՝ այն արտահանումը, որը ստեղծում է աշխատատեղեր, կապված է վերամշակման, լոգիստիկայի և իրական արտադրական շղթաների հետ»,- ասում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Դրամի վերարժևորման և արտաքին առևտրի արհեստական աճի պայմաններում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից էապես խորացել է։ Եթե մի քանի տարի առաջ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը Եվրամիությունն էր կամ այն հավասար էր Ռուսաստանին, ապա վերջին երկու տարում ԵՄ-ն իջել է արտաքին տնտեսական կապերի կառուցվածքում 4-5-րդ տեղ։ Սա էապես թուլացրել է Հայաստանի արտաքին տնտեսական կապերի ռազմավարական բազմազանեցման քաղաքականությունը, որը 2020-ից հետո դարձել էր արտաքին տնտեսական զարգացման առանցքային նպատակներից մեկը։

«Ոսկու վերարտահանման արդյունքում Հայաստանը ոչ թե ամրապնդել է իր դիրքերը գլոբալ շուկաներում, այլ դարձել ավելի խոցելի թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ արժութային ցնցումների նկատմամբ»,- ասում է Վարդան Արամյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում