Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը Վրաստանի մաքսային պահեստներից։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։
ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը Հայաստանի մաքսային պահեստներից ու հունիսի 19-ի դրությամբ արդեն իսկ 33 բեռնատար բաց է թողնվել։
Տևական ժամանակ է՝ վրացական կողմը չէր թույլատրում Հայաստանի՝ կոնյակ-գինի արտահանող մի շարք ընկերությունների արտադրանքը իր սահմանով հասցնել Ռուսաստան ու այլ երկրներ։ Մայիսի 13-ին ու 21-ին արտահանողները ակցիաներ էին իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց, դիմել էին Հայաստանի կառավարությանը։ Էկոնոմիկայի նախարարն էլ պարբերաբար հայտնում էր, որ զբաղվում է խնդրով։
Civilnet











