Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ

«Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հունիսի սկզբին դատական գործընթաց է սկսել Ֆրանսիայի դեմ՝ միջազգային ներդրումային վեճերի կարգավորման կենտրոնում (ICSID), որը Համաշխարհային բանկի խմբի մաս է և տեղակայված է Վաշինգտոնում, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։
Թեև գործի մանրամասները չեն հրապարակվել, սակայն, ըստ տարբեր աղբյուրների, վեճը վերաբերում է Կապ Մարտենիում գտնվող նրա 120 միլիոն եվրո արժողությամբ առանձնատանը։
ICSID-ի տվյալների բազայում նշվում է, որ գործը վերաբերում է անշարժ գույքին։ Կարապետյանը, ըստ իրավաբանների, հղում է կատարում Ֆրանսիայի և Հայաստանի միջև 1995-ին ստորագրված ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության համաձայնագրին, որը պահանջում է չզրկել ներդրողներին գույքից և չազգայնացնել այն՝ բացառությամբ օրենքով սահմանված հանրային շահի պարագայում։ Եթե այդպիսի գործողություն տեղի է ունենում, պետությունը պարտավորվում է վճարել փոխհատուցում։
Le Monde-ի հաղորդմամբ, 2024-ին ֆրանսիական դատարանը սառեցրել էր Կարապետյանի սեփականության իրավունքը Irina Maria առանձնատան և դրա շուրջ գտնվող 3 հա հողատարածքի նկատմամբ։ Ֆրանսիայի դատախազությունը պնդում է, որ այդ գույքի փաստացի շահառուն «Գազպրոմ նեֆտն» է՝ «Գազպրոմի» դուստր ընկերությունը։
Ֆրանսիայի ֆինանսական հանցագործությունների քննիչները պարզել են, որ այդ առանձնատունը իրականում երբեք չի դուրս եկել «Գազպրոմ նեֆտի» վերահսկողությունից։ Քանի դեռ նախաքննությունը շարունակվում է, գույքի նկատմամբ արգելանքը մնում է ուժի մեջ։ Եթե մեղադրանքները հաստատվեն, հնարավոր է, որ գույքը բռնագրավվի և վաճառվի աճուրդով։
Իրավաբանական շրջանակներում նշում են, որ դատական գործընթացը կարող է լինել երկարատև և բարդ, հատկապես՝ միջազգային արբիտրաժային տրիբունալի ձևավորման փուլում։ Կարապետյանին ներկայացնում է միջազգային արբիտրաժի ոլորտում հայտնի մասնագետ Դևիդ Գոլդբերգը։
«Կոմերսանտի» հետ զրույցում իրավաբան Գեորգի Սուխովն ասել է, որ Հայաստանում Կարապետյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումը կարող է թուլացնել նրա դիրքերը Ֆրանսիայի դեմ արբիտրաժային գործում։ Ըստ իրավաբան Գոռ Եգորյանի՝ Ֆրանսիան կարող է օգտագործել այդ հանգամանքը՝ կասկածի տակ դնելու գույքի ձեռքբերման օրինականությունը։
Հունիսի 17-ին Հայաստանի իշխանությունները Սամվել Կարապետյանին մեղադրանք են առաջադրել իշխանության զավթման փորձի հոդվածով և նրան երկու ամսով կալանավորել։ Կարապետյանի նկատմամբ հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ նա հրապարակային իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոսին, որին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գահընկեց անել։
Civilnet










