ID քարտերի տրամադրման ուշացումներ չեն լինի․ ՆԳՆ

Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում աճել է՝ պայմանավորված հայտարարագրման գործընթացով, հաղորդում է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Ծառայությունը ձեռնարկել է նոր թվային լուծումներ՝ նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը բարելավելու համար։ Գործարկվել են նաև տպիչ երկու նոր սարք, որոնք բարձրացրել են տպագրության որակը և վերակարգավորել համակարգը։
2025-ի հունիսի 17-ի դրությամբ ներկայացվել է նույնականացման քարտ ստանալու 131, 104 դիմում։ Արդեն տպագրվել է 120,066 քարտ, իսկ 11,038-ը գտնվում են տպագրման փուլում։
Հերթագրման համակարգում սպասում է 52,160 քաղաքացի, այդ թվում՝ 40,645-ը՝ Երևանում։ 2024-ին նույնականացման քարտ ստացել է 161,000 անձ, ինչը երկուսուկես անգամ գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։ Ըստ ծառայության՝ 2025 թվականի ցուցանիշները արդեն մոտենում են նախորդ տարվա սպասարկման ծավալներին։
«Այսօրվա դրությամբ օրական կարող ենք սպասարկել շուրջ 1000 քարտի, սակայն այս թիվը ենթակա է կրկնապատկման՝ նոր լազերային համակարգի շնորհիվ, որը ձեռք է բերվել երկու նոր տպիչ սարքերի համար»,- հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ծառայությունը ներկայումս աշխատում է առանց հանգստի՝ ապահովելու օրենքով սահմանված ժամկետների պահպանումը։ Ըստ ՄՔԾ-ի, կուտակումների հետևանքով քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրը հաղթահարված է։
Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանը հայտնել է, որ տեխնիկական թիմը հայտնաբերել է հերթագրումների համակարգում կրկնվող գրանցումներ այն քաղաքացիների կողմից, ովքեր արդեն ունեն վավեր քարտ։ «Հորդորում ենք մեր քաղաքացիներին չեղարկել հերթագրումը, եթե չեն կորցրել վավեր նույնականացման քարտը», - ասել է Մակարյանը՝ նշելով, որ ստորաբաժանումներում կան չվերցված տպագրված քարտեր։
Քարտ ստանալու համար քաղաքացիները կարող են հերթագրվել migration.e-gov.am կայքում կամ մարզերում սպասարկվել կենդանի հերթի միջոցով։
Թեմա
Civilnet










