Ռուսական բիզնեսը Հայաստանում գործում է հարմարավետ պայմաններում․ Մհեր Գրիգորյան

Ռուսաստանի բիզնեսը Հայաստանում շարունակում է գործել հարմարավետ պայմաններում, իսկ Երևանի եվրաինտեգրման ցանկությունը չի ազդում ռուս գործարարների գործունեության վրա։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ես կարծում եմ, որ մենք ունենք ցուցանիշներ, որոնց պետք է անընդհատ անդրադառնանք։ Քանի որ, իմ կարծիքով՝ անկախ այս հարցի հետ կապված մեր իրավական կառուցվածքից, ռուսներն իրենց Հայաստանում հիանալի են զգում։ Մենք հպարտանում ենք դրանով», - ասել է Գրիգորյանը՝ ընդգծելով զբոսաշրջության աճը և շեշտելով, որ «առնվազն մարդկանց մակարդակով դեռևս դրամատիզմ չկա»։
Փոխվարչապետը նշել է, որ ռուսական բիզնեսը, այդ թվում՝ միայն ռուսական կապիտալով ընկերությունները, գործում են հարմարավետ միջավայրում։ Նա ընդգծել է, որ իհարկե առաջանում են խնդրահարույց հարցեր, որոնք պարբերաբար քննարկվում են ռուս գործընկերների հետ։
Անդրադառնալով եվրաինտեգրման գործընթացին՝ Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը «շատ լուրջ է վերաբերվում եվրաինտեգրման հարցին, և դրանում որևէ սիմվոլիզմ չկա»։
Նրա այս մեկնաբանությունները հնչել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունից հետո։ Վերջինս պնդել էր, որ Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցության վրա։
«Ռուսական կողմը չպետք է մտահոգվի Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման առնչությամբ»,- հավելել է Գրիգորյանը։
Գնահատելով Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառությունն Օվերչուկը կանխատեսել է, որ կորուստները մինչև տարեվերջ փոխադարձ առևտրում կկազմեն 6 մլրդ դոլար։
Civilnet










