Էջմիածնի տոն, քայլերթ, կաթողիկոսի մտահոգություն և վարչապետի նոր գրառում

Մայր Աթոռում այսօր նշել են Կաթողիկե Սբ Էջմիածնի տոնը։ Զուգահեռ՝ հարյուրավոր մարդիկ քայլերթով Զվարթնոց տաճարից շարժվել են Էջմիածին՝ ի աջակցություն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և եկեղեցու։ Քայլերթն սկսվել էր Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանի կոչով, որին հանրապետականները ներկայացրել են որպես վարչապետի թեկնածու իրենց հայտարարած՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից իմփիչմենթի ենթարկելու գործընթացում։ Քայլերթի մասնակիցների ձեռքում գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարներն էին, որը կալանավորվել է անցյալ հինգշաբթի՝ եկեղեցուն հրապարակային աջակցություն հայտնելուց հետո, երբ ասել էր «եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տոնի կապակցությամբ Գարեգին Բ կաթողիկոսն անդրադարձել է Կարապետյանի կալանավորման թեմային։ «Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները։ Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը և ուղիղ հարված՝ հայոց պետականությանը։ Օրեր առաջ ականատես դարձանք մի նոր դատապարտելի երևույթի՝ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում»,- ասել է Գարեգին Բ կաթողիկոսը։

«Արդարև, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի։
Սուրբ Էջմիածինը՝ հավատարիմ հոգեփրկչական և ազգի ու պետականության զորացման իր պատմական առաքելությանը, հետևողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները, անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը և համախմբել համայն հայությանը՝ արիությամբ դիմագրավելու ազգային ու հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններն ու մարտահրավերները»,- նշել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Այսօր Ֆեյսբուքում իր հերթական գրառումն է արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Գարեգին Բ-ին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու համար և ցանկանում է նրան գահընկեց անել։ «Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին»,- գրել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի հարձակումը Գարեգին Բ կաթողիկոսի դեմ սկսվեց այն բանից հետո, երբ մայիսի 24-ին վեհափառը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում մասնակցեց Արցախի հայերի իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովի։ Արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանությունը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս չէ։
Էլեն Մուրադյան
Civilnet










