Գլխավոր Լրահոս

Իրանը դիտարկում է ԱՄՆ հարվածներին պատասխան տալու տարբերակները

Իրանը դիտարկում է ԱՄՆ հարվածներին պատասխան տալու տարբերակները

Իրանի միջուկային օբյեկտների վրա շաբաթ գիշերն իրականացված ամերիկյան հարվածներից հետո Իրանը քննարկում է պատասխան տալու տարբերակներն ու հնարավորությունները։ Շաբաթ երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ամերիկյան ռմբակոծիչները ոչնչացրել են Իրանի երեք՝ Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտները։ ԱՄՆ հարվածները տեղի ունեցան Իսրայելի՝ Իրանի ռազմական օբյեկտների և հրամանատարների ավելի քան մեկ շաբաթ թիրախավորումից հետո։ Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարձակումը 1979-ի իսլամական հեղափոխությունից ի վեր արևմտյան ամենախոշոր հարվածն էր Իրանին։

ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված վերջին հարվածներից հետո Թեհրանը կանգնած է բարդ երկընտրանքի առաջ՝ ինչպես պատասխանել՝ առանց տարածաշրջանը լայնածավալ պատերազմի մեջ ներքաշելու։ Չնայած արդեն արձանագրված որոշ գործողություններին, Իրանը պահպանում է իր գլխավոր պատասխանը՝ շարունակում է կշռադատել մի քանի տարբերակներ, որոնք կարող են լրջորեն փոխել իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային տնտեսության և միջազգային դիվանագիտության մակարդակում։

Թեհրանի առաջին արձագանքը Իսրայելի ռազմական ուղղակի հրթիռակոծումն էր, որի պատճառով եղել ավերածություններ, տասնյակ մարդիկ վիրավորում են ստացել։ 

Ամենամեծ լծակը, որը կարող է օգտագործել Թեհրանը, Հորմուզի նեղուցի փակումն է։ Այս նեղուցը հիմնական ուղին է Պարսից ծոցի նավթը միջազգային շուկաներ հասցնելու համար։ Իրանի խորհրդարանը արդեն հավանություն է տվել դրա փակման նախաձեռնությանը, սակայն վերջին խոսքը պատկանում է Ազգային անվտանգության գերագույն խորհրդին, որը ղեկավարվում է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի նշանակած պաշտոնյան։ Նեղուցի փակումը կբերի նավթի գների կտրուկ աճի, կխաթարի համաշխարհային տնտեսությունը և կարող է բերել բախման ԱՄՆ Ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի հետ, որը տեղակայված է հենց Պարսից ծոցում։ Այդպիսի զարգացումները կլինեն ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ճգնաժամ։

Բացի դրանից, Թեհրանը կարող է դիմել հակազդեցության ոչ ավանդական ձևերի, օրինակ՝ կիբերհարձակումներ կամ տարածաշրջանային դաշնակիցների միջոցով սաբոտաժային գործողություններ։ Իրանը նախկինում արդեն կիրառել է այս ռազմավարությունը՝ մանավանդ իսրայելական կամ ամերիկյան կառույցների դեմ, ինչը թույլ է տալիս կեղծել պատասխանատվությունը, սակայն պահել սպառնալիքի իրական ազդեցությունը։

Միաժամանակ, Թեհրանը փորձում է ապահովել դիվանագիտական աջակցության լայն շերտ։ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին արդեն մեկնել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Ռուսաստանն ունի թե՛ դաշնակցային հարաբերություններ Իրանի հետ, թե՛ սերտ կապեր Իսրայելի հետ, ինչը Թեհրանին հնարավորություն է տալիս իր շահերը ներկայացնել ռազմավարական հարթակում։ ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները՝ պնդելով, որ դրանք խախտում են Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը, Չինաստանն ու Պակիստանը առաջարկել են հրադադարի վերաբերյալ բանաձև։

ԱՄՆ նախագահի կողմից Իրանի «ռեժիմի փոփոխության» վերաբերյալ հնչեցված բացահայտ ակնարկը Իրանում ընկալվել է որպես ուղղակի սպառնալիք։ Պատասխանելով դրան՝ Թեհրանը, ամենայն հավանականությամբ, կփորձի ամրապնդել ներքին համախմբումը՝ ընդգծելով արտաքին վտանգը և ամերիկյան «ահաբեկչական» քաղաքականությունը։ Դա կուղեկցվի ինչպես գաղափարական խստացմամբ, այնպես էլ հնարավոր բռնաճնշումներով ընդդիմադիրների հանդեպ՝ ռեժիմի կայունությունն ապահովելու համար։

Թե ինչ ուղի կընտրի Թեհրանը՝ մնում է բաց հարց։ 

Նավթի գները, մինչդեռ, արդեն բարձրացել են՝ արձագանքելով ճգնաժամին, իսկ միջազգային ավիաընկերություններն ուսումնասիրում են, թե որքանով է անվտանգ շարունակել թռիչքները Մերձավոր Արևելքի վրայով։ Իրանի, Իրաքի, Սիրիայի և Իսրայելի օդային տարածքները գրեթե ամբողջությամբ փակ են եղել, ըստ FlightRadar24-ի։

Իրանի պատասխան գործողությունների ու դրանց ծավալների վերաբերյալ վերջնական որոշումը կախված է ոչ միայն ներքին քաղաքական հաշվարկներից, այլ նաև արտաքին դաշնակիցների և հակառակորդների պահվածքից։ Սակայն ակնհայտ է՝ Իրանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է արձագանքել ցանկացած սցենարի՝ ոչ միայն ուժով, այլև քաղաքական ու տնտեսական ճնշման գործիքակազմով։

Լիա Ավագյան

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում