Ադամանդի գործով ՖՍԲ-ն Խաչատուր Սուքիասյանին մեղադրում է, խոսնակը՝ հերքում

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ՖՍԲ, Федеральня служба безопасности) հայտարարել է, որ բացահայտել է «Ալրոսա» ընկերությունից ադամանդների համակարգված հափշտակման դեպքեր, որոնց հասցեատերը, ըստ հաղորդագրության, եղել է Հայաստանում գործող ընկերություն, որի շահառուն գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։
«Հափշտակված ադամանդները առաքվում էին Հայաստանում գործող «Դայմոնդ» ընկերությանը, որի շահառուն է գործարար և Ազգային ժողովի պատգամավոր Խ․Ա․ Սուքիասյանը»,- նշված է ՖՍԲ-ի հունիսի 23-ի հաղորդագրությունում։
Հետաքննության տվյալներով՝ հանցավոր սխեմայի շրջանակում ներգրավված են եղել «Ալրոսա» ընկերության աշխատակից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներ Արմեն Պետրոսյանը և Արման Սահակյանը։ Նրանք ձերբակալվել են մոտ 1,7 մլն ռուբլի արժողությամբ ադամանդների հերթական խմբաքանակի հափշտակման պահին։
ՖՍԲ-ն պնդում է, որ հանցագործության կազմակերպիչները Հայաստանի քաղաքացիներ են՝ Բաղիկյան եղբայրները, որոնք ներկայում միջազգային հետախուզման մեջ են՝ ադամանդների հումքի մաքսանենգության կասկածանքով։
«Ալրոսա»-ից գողացված բարձրարժեք ադամանդները, ըստ Ռուսաստանի հատուկ ծառայությունների, դուրս են բերվել երկրի տարածքից և մատակարարվել հայկական ընկերությանը։
Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ այս հաղորդագրությունն ապատեղեկատվություն է:
«Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է: Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծւմ եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել»,-հայտնեց Մկրտչյանը:
Civilnet










