Գլխավոր Լրահոս

Ստվերը ԱՊՊԱ էլ է հասել

Ստվերը ԱՊՊԱ էլ է հասել

Ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կտրուկ աճն ու «ստվերային» ավտոմեքենաները ապահովագրական ընկերություններին ստիպել են տնտեսել հատուցումների վրա։ ԱՊՊԱ ոլորտում հատուցման միջին գումարի անգամ 10% կրճատման պայմաններում ապահովագրական ընկերությունները 2012-ը փակել են 74% վնասաբերությամբ։

Երրորդ անձանց ռիսկերի ապահովագրության սակագների հիմքում դրված է, որ հավաքագրված յուրաքանչյուր Դ100-ից հատուցմանը ապահովագրական ընկերությունները պետք է ուղղեն Դ78-ը։ Ապահովագրական ընկերությունները պնդում են, որ կրիտիկական ցուցանիշը 70%-ն է։ Անցած տարին ոլորտը փակել է 74% վնասաբերության մակարդակով։

Նման ցուցանիշը ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ ունի։ 2011-ը ԱՊՊԱ-ի ներդրման առաջին տարին էր, և ճանապարհատրանսպորտային պատահարներին մասնակից ոչ բոլոր վարորդներն էին դիմում ապահովագրական ընկերություններին, հատկապես երբ վնասի չափն աննշան էր։ Վարորդների պասիվությանը ապահովագրական ընկերություններին հնարավորություն է տվել 2011թ. փակել 54% վնասաբերությամբ։ Համակարգի նկատմամբ վստահության աստիճանական ավելացումը, ինչպես նաև վարորդների անբարեխղճությունը հանգեցրել է հատուցումների կտրուկ աճի։

Անցած տարի ապահովագրական ընկերությունները հատուցման են ուղղել Դ9,2 մլրդ, ինչը 2011թ. համեմատ ավելի է 64%-ով և պայմանավորված է պատահարների քանակի ավելացմամբ։ 2012թ. ապահովագրական ընկերությունները ստացել են հատուցման 46,11 հազ. դիմում, այն դեպքում, երբ 2011թ. դիմումների քանակը 27,2 հազ. է եղել։

Պատահարների նման քանակի պայմաններում առաջանում է ԱՊՊԱ պոլիսների սակագների արդարացիության խնդիրը։ ԱՊՊԱ սակագները հաշվարկելիս հիմք է ընդունվել ճանապարհատրանսպորտային պատահարների տարեկան մոտ 25 հազ. թվաքանակը։
Գործնականում դրանք ավելի շատ են։ Ստեղծված իրավիճակում ապահովագրական ընկերությունները խուսափում են բարձրացնել սակագների վերանայման հարցը, սակայն վնասաբերության աճը մեղմելու համար փորձում են տնտեսել հատուցումների վրա։ Այսպես, եթե 2011թ. միջին հատուցման գումարը կազմել է Դ223 հազ., ապա 2012թ. այն նվազել է մինչև Դ200 հազ.։ Հատուցման հարցում «ժլատությունը» ապահովագրական ընկերություններին հնարավորություն է տվել տնտեսել ֌1 մլրդ։

Հատուցումների սեղմումը պայմանավորված է նաև նրանով, որ շարունակվում է կրճատվել ԱՊՊԱ պայմանագրեր ունեցող ավտոմեքենաների թիվը։ Անցած տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գործել է 390 հազ. ԱՊՊԱ պայմանագիր, այն դեպքում, երբ 2011թ. վերջին պայմանագրերի քանակը 392,7 հազ. էր։ Պայմանագրերի թվի կրճատումն անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ 2012թ. ինն ամիսներին (վերջին հասանելի տվյալներն են) Հայաստան է ներկրվել 22,3 հազ. ավտոմեքենա։ Նման վիճակագրությունից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում մոտ 25 հազ. ավտոմեքենա անցած տարի չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։
Ուշագրավ է, որ ԱՊՊԱ պայմանագրերի թվի կրճատման պայմաններում ապահովագրավճարների ծավալը 2012թ. աճել է 1,4%-ով՝ դեկտեմբերի վերջին կազմելով Դ15 մլրդ։ Տարվա կտրվածքով ապահովագրական ընկերությունների պորտֆելում որոշակի մասնաբաժին են կազմել կարճաժամկետ պայմանագրերը, որոնց գինը ավելի բարձր է, քան մեկ տարվա պայմանագրերինը։ Սա էլ ապահովել է ցուցանիշի աճը։

2012թ. միտումներից պարզ է դառնում, որ եթե Ճանապարհային ոստիկանությունն ու տրանսպորտի և կապի նախարարությունը տրանսպորտի ոլորտի խնդիրների լուծման քայլեր չձեռնարկեն, այս տարի ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունը կշարունակի աճել՝ վտանգելով համակարգի հետագա գործունեությունը կամ վերանայման մղելով պոլիսների սակագները։

Խնդիրն այն է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ավտոտրանսպորտային միջոցի վարումը, եթե դրա համար առկա չէ այն վարելու պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Օրենքով ամրագրված է նաև, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինը Ավտոապահովագրողների բյուրոյի տրամադրած տեղեկությունների հիման վրա միջոցառումներ է ձեռնարկում այն ավտոտրանսպորտային միջոցների հայտնաբերման և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցի կիրառման ուղղությամբ, որոնք երթևեկում են առանց սահմանված կարգով կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու։

Բացի այդ՝ բավական բարձր է վնասաբերության մակարդակը տաքսիների դեպքում՝ 150-250%-ի միջակայքում, ինչը արդյունք է կազմակերպություններում տրանսպորտային միջոցների շահագործման, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի պահանջների համատարած խախտումների։ Հայաստանում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաները տրամադրում է տրանսպորտի և կապի նախարարությունը։ Նա էլ իրականացնում է ոլորտի վերահսկողությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում