Եվրահանձնաժողովը ներկայացրել է ռուսական գազից հրաժարվելու ժամանակացույցը

Հունիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) հրապարակել է մանրամասն ու հավակնոտ ժամանակացույց, որի նպատակն է մինչև 2027-ի վերջնաժամկետը ամբողջապես դադարեցնել ռուսական գազի ներմուծումը ԵՄ տարածք։ Այս նախաձեռնությունը նախատեսում է փուլային մոտեցում՝ կանխելու հնարավոր ճգնաժամերը, որոնք կարող են ծագել, մասնավորապես, Հունգարիայի և Սլովակիայի նման՝ ռուսական գազից կախված երկրներից։
Հանձնաժողովն առաջարկում է օրենք, որը 2026-ի հունվարի 1-ից կարգելի ռուսական գազի նոր պայմանագրերի կնքումը։ Առկա կարճաժամկետ պայմանագրերը պետք է դադարեցվեն մինչև 2026-ի հունիսի 17-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վերաբերում են դեպի ծով ելք չունեցող երկրներին, որոնք դեռ մեծապես կախված են ռուսական գազից։ Իսկ երկարաժամկետ պայմանագրերը, որոնք հաճախ տևում են տասնամյակներ, պետք է լիովին դադարեցվեն մինչև 2027-ի ավարտը։
Փուլային այս մոտեցումը հաշվի է առնում ինչպես Ռուսաստանի հետ էներգետիկ հարաբերությունների բարդությունը, այնպես էլ անդամ պետությունների՝ մատակարարման աղբյուրների բազմազանեցման կարիքը։ Հանձնաժողովը երկրներին մինչև 2026-ի մարտի 1-ը ժամանակ է տվել ազգային պլաններ ներկայացնելու համար, որոնք կապահովեն էներգետիկ բազմազանեցումը։
Եվրահանձնաժողովը, որպեսզի խուսափի անդամ երկրների (օրինակ՝ Հունգարիա, Սլովակիա) վետոյից, նախատեսում է որոշումներն ընդունել որակյալ մեծամասնությամբ, այլ ոչ թե միաձայնությամբ։ Սա թույլ կտա շրջանցել Մոսկվայի հետ առավել մտերիմ երկրների դիմադրությունը։ Բացի այդ, ԵՄ-ն նախատեսում է ընկերություններին թույլ տալ «ֆորս մաժորը» հղում անել՝ որպես իրավական հիմք գործող պայմանագրերը դադարեցնելու համար։
ԵՄ-ն արդեն զգալիորեն նվազեցրել է իր կախվածությունը ռուսական գազից։ Եթե 2021-ին ԵՄ-ում սպառվող գազի մոտ 45 տոկոսը ռուսական էր, ապա 2024-ին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 19 տոկոս։ Սակայն կախվածությունը լիովին չի վերացել. Ռուսաստանից մատակարարվող հեղուկ բնական գազը (LNG) շարունակում է զգալի տեղ զբաղեցնել։ Այսպիսով, 2024-ին ԵՄ ներմուծած LNG-ի մոտ 20 տոկոսը ռուսական ծագում է ունեցել (համեմատաբար՝ ԱՄՆ-ից՝ 45%)։
Այս խնդիրը լուծելու նպատակով հանձնաժողովը ծրագրում է 2028-ի հունվարի 1-ից արգելել ռուսական LNG-ի ներմուծման պայմանագրերը կամ դրանք ճանաչել ոչ իրավաչափ։
Եվրահանձնաժողովի էներգետիկայի և բնակարանային հարցերի հանձնակատար Դան Յորգենսենի խոսքով՝ այս անցումը դեպի զրոյական ռուսական գազի կախվածություն կարող է իրականացվել առանց սպառողների համար գների աճի։ Նա նաև ընդգծել է, որ հանձնաժողովը սերտորեն կաշխատի անդամ պետությունների հետ՝ երաշխավորելու, որ նոր սահմանափակումների հետևանքով որևէ երկիր չզրկվի էներգիայից։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կոչ է անում այն երկրներին, որոնք դեռ ներմուծում են ռուսական նավթ, մինչև 2027-ը ներկայացնել փոխարինման համապատասխան ծրագիր։ Իսկ միջուկային ոլորտում, մասնավորապես՝ հարստացված ուրանի՝ Ռուաստանից ներմուծման արգելքի հարցը հետաձգվել է՝ ոլորտի հատուկ զգայունության պատճառով։
Այս ռազմավարությունը ԵՄ ընդհանուր նպատակն է՝ ուժեղացնել էներգետիկ անվտանգությունն ու նվազեցնել արտաքին կախվածությունը՝ միաժամանակ ցուցադրելով նաև քաղաքական և աշխարհաքաղաքական ինքնիշխանություն։ Բրյուսելը մի կողմից ձգտում է նվազեցնել ռուսական հանածո վառելիքի արտահանման եկամուտները, որոնք ֆինանսավորում են Ուկրաինայի դեմ պատերազմը, մյուս կողմից՝ փորձում է կանխել ռուսական գազի հանկարծակի (և ոչ կանխատեսելի) դադարեցումը, եթե ապագայում Մոսկվայի ու որևէ անդամ երկրի միջև ուժային բախում տեղի ունենա։
Աղբյուրը՝ World Energy Weekly, Petrostrategies, հունիսի 23-ի թողարկում
Civilnet










