Մայր Աթոռի միաբանները դատապարտում են իշխանությունների «հակաեկեղեցական կեցվածքը»

Մայր Աթոռի միաբանական համագումարի մասնակիցները դատապարտել են իշխանությունների «հակաեկեղեցական կեցվածքը»: Հունիսի 16-21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած միաբանական համագումարի մասնակիցների հայտարարությունը հրապարակել է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:
Դատապարտող հայտարարության մեջ միաբանները վերահաստատել են իրենց նվիրվածությունը Հայ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
«Անընդունելի ենք համարում և դատապարտելի Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքը իր տարատեսակ դրսևորումներով»,- ասված է հայտարարության մեջ:
Միաբանները հորդորում են հավատացյալ ժողովրդին մնալ իրենց քրիստոնեական և ազգային արժեքներին հավատարիմ՝ չտրվելով «սադրանքներին ու ապազգային դրսևորումներին», իսկ իշխանություններին կոչ են անում դադարեցնել հարձակումները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների վրա՝ նախազգուշացնելով, որ դրանք խախտում են հասարակական համերաշխությունը և կարող են վտանգել ազգային անվտանգությունը։
«Մեր տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունների պայմաններում անհրաժեշտ է ամբողջական պատասխանատվությամբ լծվել պետության առջև ծառացած անվտանգության լրջագույն մարտահրավերների դիմագրավմանը, այդ թվում՝ ներհասարակական համերաշխության և ազգային միասնության պահպանման ուղղությամբ՝ ի նպաստ մեր ժողովրդի բարեկեցության»- ասված է հայտարարության մեջ։
Հայաստանի իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև հակասությունները առանձնապես սրվել են մայիսի վերջից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ դրեց Գարեգին Բ կաթողիկոսի կուսակրոնության ուխտը, ապա նաև պահանջեց նրան գահընկեց անել։ Փաշինյանի քննադատությանը նախորդել էր մայիսի 24-ին Գարեգին Բ կաթողիկոսի մասնակցությունը Բեռնում Արցախի ժողովրդի իրավունքների վերաբերյալ համաժողովին։
Civilnet










