«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Այս մասին իր սոցիալական էջերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շատ շուտով գործընթացը գործնական փուլ կմտնի։
«Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- նշել է վարչապետը։
ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին Փաշինյանն առաջին անգամ հայտնեց այն բանից հետո, երբ հունիսի 17-ին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մի հարցազրույցում իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որին Փաշինյանը փորձում է գահընկեց անել։ Իրավապահները նախ խուզարկեցին Կարապետյանի երևանյան առանձնատունը, նրա բերման ենթարկեցին, ապա դատարանը նրան կալանավորեց երկու ամսով։ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը ազգայնացնելու իր մտադրության մասին։
2015-ից «Տաշիր» ընկերությունների խումբը «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից ձեռք է բերել ՀԷՑ-ը՝ ամբողջությամբ իր վրա վերցնելով ընկերության կառավարման պարտավորությունը։
Մեկնաբանելով ՀԷՑ-ն ազգայնացնելու գաղափարին, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության (ՀԷՑ) ազգայնացման շուրջ գործընթացը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ երկրի ներդրումային միջավայրի, օրենսդրական հստակության և արտաքին տնտեսական հարաբերությունների վրա։
ՀԷՑ-ում ներգրավված են ներդրումներ Կիպրոսից և Ռուսաստանից, իսկ այդ երկրների հետ Հայաստանը ունի ներդրումների պաշտպանության վերաբերյալ համաձայնագրեր։ Գաբրիլելյանը չի բացառում, որ նման պայմաններում ազգայնացումը կարող է դառնալ միջազգային արբիտրաժային վեճերի հիմք։ Հայաստանում արդեն իսկ եղել են նախադեպեր, երբ ներդրողների հետ ունեցած վեճերը տեղափոխվել են միջազգային հարթակներ։
Civilnet











